6 օր գյուղում մենակ ենք մնացել, շրջափակված ադրբեջանցիներով․ Արտյուշան ու Զոյան փրկվել են հրաշքով

«Շատ եմ վախեցել մատաղ ինիմ, թուրքերը գյուղում, ես ու ամուսինս մեր տանը մենակ։ Ես կարող էի դուրս գալ, մի ուղղությամբ գնալ, բայց ամուսինս անկողնային հիվանդ վիճակում ինսուլտ խփած մարդ, հո՞ չէի թողնի մենակ»,- MediaHub-ին ապատմում է Շոշ գյուղից տեղահանված 77-ամյա Զոյա Մարտիրոսյանը։
Սեպտեմբերի 19-ին, չդադարող հրթիռակոծությունների ժամանակ, երեկոյան համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը, ով միաժամանակ աշխարազոր ուժերի պատասխանատուն էր, հասկանալով, որ ադրբեջանցի ծառայողները մոտենում են Շոշին, դիմել է ռուս խաղաղապահներին՝ ապահովելու գյուղացիների տարհանումը։ Ամբողջ գյուղը հավաքվել էր դպրոցում, այնտեղից էլ առանց ոչինչ վերցնելու, նրանք տեղափոխվել են Ստեփանակերտ։
Զոյա Մարտիրոսյանն ու ամուսինը՝ 83-ամյա Արտյուշա Աբրահամյանը, մնացել են գյուղում։ Մեր զրուցակիցն ասում է, որ այնքան շատ են կրակել, որ իրենք վախից դուրս չեն եկել տնից։ Դուռը կողպել, մտել են ներս։
«Լույս չկար, գյուղում ոչ մի շարժ։ Միայն կրակում էին։ Թվում էր՝ հենց մեր տան վրա էին կրակում, ձայները շատ մոտ էին։ Այդ ժամանակ ես միայն մտածել եմ ամուսնուս առողջականի մասին։ Փորձել եմ դուրս գալ, որ մեկից մի լուր իմանամ, վախեցել եմ, կրակը չէր դադարում»,- հիշում է արցախցի Զոյա Մարտիրոսյանը։
Հաջորդ օրը՝ կրակի դադարից հետո, Զոյան գնացել է հարևանների տներով ու տեսել՝ ոչ ոք չկա։
«Այդ ժամանակ հասկացել եմ, որ Շոշում էլ հայ չկա, բոլորը լքել են իրենց տներն ու գնացել են Ստեփանակերտ, միայն մենք էինք շրջափակված ադրբեջանցիներով»:
Արտյուշայի ու Զոյայի դուստրը՝ Ալվինա Համբարձումյանը, պատմում է, որ այդ խառն ու ծանր օրերին ինքը եղել է Ստեփանակերտի հիվանդանոցում։ Շոշի անկման լուրը լսել ու աշխատանքին զուգահեռ սկսել է փնտրել ծնողներին։
«Կապ չկար, որևէ շոշեցու հետ չստացվեց կապ հաստատել, դրա համար սկսեցի փնտրել Ստեփանակերտի նկուղներում։ Վերջապես մի քանի հոգու հանդիպեցի, ասացին, որ ծնողներիդ չենք տեսել, մեկ ուրիշն ասաց չեն եկել, իսկ ես, իմանալով հորս ֆիզիկական վիճակը, հասկանում էի, որ տարհանումը դժվար կլիներ։ Դրա համար դիմեցի Կարմիր խաչին, խաղաղապահներին, փրկարարներին։ Կրակի դադարից հետո խոստացան, որ անպայման կգնան ու դուրս կբերեն։ Փրկարարների հետ համայնքի ղեկավարն էլ պետք է գնար, բայց թույլտվությունը ադրբեջանական կողմը պիտի տար, անընդհատ հետաձգվում էր»,- ասում է Ալվինան։
6 օր շարունակ Արտյուշան ու Զոյան մնացել են ադրբեջանցիներով շրջափակված գյուղում։ Զոյա Մարտիրոսյանի խոսքով՝ ադրբեջանցիներն իրենց չեն նկատել, չնայած, որ արդեն գյուղում են եղել։
«Ճիշտ է, վախ կար, որ հնարավոր է գան, սպանեն մեզ, բայց դուրս եկա էլի տեսնեմ ով կա գյուղում, տեսել եմ մի մեքենա է մոտենում, արդեն գիտեի թուրքերն են, բայց որ մոտեցան, հայերեն էին խոսում, նրանց մեջ նաև մեր գյուղապետն էր, հասկացա, որ փրկվել ենք»,- ասում է մեր զրուցակիցը:
Սեպտեմբերի 24-ին տարեց ամուսիններին փրկարարները տեղափոխել են Ստեփանակերտ։ Այժմ նրանք ապրում են Աբովյան քաղաքում՝ դստեր՝ Ալվինայի խնամակալության տակ։
Հունան Թադևոսյան