Բոլորը կաշառակեր, կոռուպցիոներ ու թալանչի, բացի դատախազներից ու քննիչներից

Իրավապահ համակարգի ղեկավարները մի քանի օր է՝ Ազգային ժողովում իրենց տարեկան հաղորդումներն են ներկայացնում ու հանրությանը փորձում վստահեցնել, թե իրենք աննահանջ պայքար են մղում կոռուպցիայի դեմ։ Իհարկե, գլխավոր դատախազի ու Քննչական կոմիտեի նախագահի զեկույցներն ավելի շատ դպրոցական շարադրություն էին հիշեցնում, իսկ ընդդիմադիրների հարցերին առանձնապես չէին կարողանում սպառիչ պատասխանել, բայց «դուխով» հանրույթի մոտ, կարևորը, տպավորություն են ստեղծում, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Իսկ այն կոռուպցիոն երևույթները, որոնք գրեթե ամեն օր են բացահայտվում իրենց իշխանության տարբեր օղակներում, այս անձինք դա ներկայացնում են որպես հատվածական կոռուպցիա, որի դեմ, իբր, պայքարում են իրենք։
Վերջին ամենաթարմ դեպքերից մեկը ՍԱՏՄ ղեկավարի ձերբակալությունն է՝ դարձյալ կոռուպցիոն մեղադրանքով։ Դրանից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ՊԵԿ տեսուչներ էր ձերբակալել, նաև ՆԳՆ աշխատակիցներ՝ փողով վարորդական վկայական դասավորելու գործով, ավելի վաղ էլ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ էին ձերբակալվել՝ դարձյալ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու մեղադրանքով։ Ու սա դեռ ամենը չէ, սրանք դեռ չնչին մասն են այն հսկայական կոռոպցիոն ինդուստրիայի, որի մաս են կազմում այս «հակակոռուպցիոն» իշխանությունները։
Այս ամենի մեջ, սակայն, մի ուշագրավ հանգամանք կա․ պարզվում է՝ կոռուպցիա կա կամ կարող է լինել ՊԵԿ-ում, ՍԱՏՄ-ում, ոստիկանության ստորին օղակներում, քաղաքապետարանում, տարբեր մանր ու միջին կառույցներում, բայց ոչ երբեք այդ բոլորին բռնող ու մեղադրող իրավապահ մարմիններում՝ դատախազությունում, Քննչական ու Հակակոռուպցիոն կոմիտեում, ԱԱԾ-ում։
Տպավորություն է, թե բոլորը մեղավոր են, իսկ այս չորս կառույցները՝ սուրբ։ Եթե նայենք վիճակագրությունը, ապա այս չորս իրավապահ կառույցներից կաշառքի կամ կոռուպցիոն այլ գործարքների համար մեղադրվող աշխատակիցներ չկան կամ գրեթե չկան։ Եթե հազարից մեկ, ասենք, որևէ դատախազի կամ քննիչի են ձերբակալում, ապա դա լինում է, հիմնականում, անձնական վրեժխնդրությունից դրդված։
Օրինակ՝ երկու տարի առաջ իրավապահ մարմինները գաղտնալսել էին Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին՝ ինչ-որ ենթադրյալ կաշառքի գործով ապացույցներ ձեռք բերելու համար, այդ ընթացքում լսել են, թե ինչ բառապաշարով են երկու դատախազներն արտահայտվում դատախազ Աննա Վարդապետյանի և այլոց հասցեին, ու որոշում վրեժ լուծել նրանցից։ Մասնավորապես, տիկին դատախազը, ինչպես գրեց մամուլը, անձնական վրեժխնդրությունից դրդված, կասեցրել է այս երկու դատախազների լիազորություններն ու ծառայողական քննություն սկսել նրանց նկատմամբ, իսկ ԱԱԾ-ն էլ «մասկի շոուով» մտել է նրանց աշխատասենյակներ, Աշոտ Մարտիրոսյանին և Ապրես Գրիգորյանին պառկեցրել գետնին, խուզարկել նրանց աշխատասենյակները՝ «հայհոյանք հայտնաբերելու» մոլուցքով, նաև բռնություն են կիրառել ու նվաստացրել նրանց։ Ապօրինություն կատարող ԱԱԾ-ականները, ի դեպ, մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել, որովհետև նրանք դա արել են դատախազություն-ԱԱԾ շահերի համընկնման և փոխգործակցության շրջանակում։
Այլ դեպք, որ դատախազ, քննիչ, ԱԱԾ աշխատակից ձերբակալվի, ինչի մասին հնչեղ հաղորդագրություններ տարածեն նույն այդ կառույցները՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, Դատախազությունը, Քննչականը կամ ԱԱԾ-ն, չենք հիշում։ Ընդ որում, տարիներ շարունակ հասարակության մեջ արմատացած է եղել այն միտքը, որ ամենակոռումպացվածը հենց դատախազներն ու քննիչներն են, որոնք կաշառք են վերցնում, որ կոծկեն այս կամ այն գործը։
Ու հիմա նայում ես՝ ամենասուրբը հենց նրանք են։ Նրանց մեջ կաշառք վերցնող, կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված անձինք չկան, բոլորը երկնքից իջած հրեշտակներ են։ Սա, իրականում, խոսում է իրավապահ համակարգում հնուց մնացած ու կարծրացած ավանդույթների մասին, որ «շունը շան թաթ չի տրորի», այսինքն՝ Դատախազությունն ու ԱԱԾ-ն կամ Քննչականը իրար վրա գործ չեն սարքում, իրար չեն բռնում, իրենք իրենց դեմ չեն աշխատում, եթե, իհարկե, անձնական մոտիվացիա և քաղաքական հստակ հրահանգ չի լինում։ Վերը նշված դեպքը հենց այդ եզակիներից է, քանզի կար դատախազ Աննա Վարդապետյանի և ԱԱԾ-ականների անձնական վրեժխնդրության հարցը։
Վահե Մակարյան