«Ձեզնից տարբերվող մադկանց պետք չէ խղճալ»․ հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է

«Ձեզնից տարբերվող մադկանց պետք չէ խղճալ»․ հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է

«Առաջին հարցը, որ տալիս են ինձ` «ո՞վ է հաշմանդամը», ես միշտ պատասխանել եմ՝ ձեզանից մեկը, որ ուղղակի տարբերվում է նրանով, որ կարողությունը սահմանափակ է։ Դուք քայլում եք, իսկ ես որևէ մեկի օգնությամբ եմ տեղաշարժվում, դուք հոգ եք տանում ինքներդ ձեր մասին, իսկ իմ մասին հոգ են տանում ինձ սիրող մարդիկ»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Հակոբ Ավետիսյանը։ 

Նա ավտովթարի հետևանքով 2018 թվականից կորցրել է քայլելու կարողությունը, կոտրել է 12 ողերը, տեղաշարժվում է անվասայլակով։ Արմավիր քաղաքը հարմար է Հակոբի ու իր պես քայլել չկարողացող հաշմանդամություն ունեցող մարդկանց  համար, քանի որ տարածքը հիմնականում հարթ է, շարժը՝ համեմամատաբար հանգիստ։ 

«Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիարժեք մասնիկ չեն»,- ասում է Հակոբը։

«Ձեզնից տարբերվող՝ հաշմանդամություն ունեցող մադկանց պետք չէ խղճալ։ Հաշմանդամների մասին ընկալումներն էնքան տարբեր են, որ նույնիսկ փողոցում ինձ տեսնում խաչակնքվում են, մի մասը՝ հուզվում է, մյուսները թարս են նայում կամ հեռու են փախչում։ Ես գոնե մեծ տարիքում եմ գամվել անվասայլակին, սիրտս չի դիմանում, երբ երեխաների եմ տեսնում»,- ասում է նա։ 

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի աշխատակից Արևիկ Հարությունյանը MediaHub-ին ասում է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ շփվելիս պետք չէ ընդգծել նրա ֆիզիկական վիճակը, դրանով ոչ թե սրտացավություն եք ցուցաբերում, այլ վիրավորում եք նրան։

«Փորձը ցույց է տվել, որ ֆիզիկապես տարբերվող անձինք հասարակությանն ինտեգրվում են այն ժամանակ, երբ խղճահարություն չեք ցուցաբերում։ Ուղղակի պետք չէ անտարբեր լինել ու խտրական վերաբերմունք ցուցաբերել։  Հակառակը, ամենքս մեր հնարավորության սահմաններում պետք է փոխենք մեր վերաբերմունքը, միջավայրը, օրենքները, և ամենակրևորը՝ նրանց կյանքի որակը»

Արևիկի հավաստմամբ՝ ոչ միայն երեխաները, այլ այս նուրբ հարցում նույնիսկ մեծերն ունեն «դաստիարակության ու սովորելու» անհրաժեշտություն։ «Մենք պարտավոր եք սիրել ու ընկալել մեզանից տարբերվողներին, գիտակցենք, որ մեզանից ոչ ոք ապահովագրված չէ»,- հավելեց նա։

Նշենք, որ դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում շուրջ 200 000 հաշմանդամություն ունեցող անձ կա:

Հունան Թադևոսյան