Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները, միևնույն է, պահպանվելու են․ Ավինյանի գրառման հետքերով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 1-ից տրանսպորտի սակագնի փոփոխություններին, ըստ այդմ՝ թանկացումներին և սպասվող բողոքի ակցիաներին ընդառաջ այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ ավագանու կողմից ընդունված փաթեթում նոր փոփոխություններ են պատրաստվում անել։ Բայց արմատական փոփոխություններ չեն առաջարկվում, ընդամենը ձեռք բերված ուղևորատոմսով երթևեկելու ժամանակահատվածն է երկարացվել։
Ավինյանը հայտնել է, որ այս փոփոխությունները քննարկման կդրվեն փետրվարի 11-ին նախատեսվող Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ։ MediaHub-ը քաղաքապետի խոսնակ Հայկ Կոտսանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում, այդ դեպքում, փետրվարի 1-ից, արդյոք հետաձգվելո՞ւ են արդեն ընդունված փոփոխությունները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն այդ օրվանից։
Ի պատասխան՝ Կոստանյանն ասաց, որ փետրվարի 1-ից, ինչպես և հայտարարվել էր, ուժի մեջ են մտնելու նախապես ավագանու կողմից ընդունված փոփոխությունները, այսինքն՝ որևէ բան Ավինյանի այս գրառմամբ առնվազն փետրվարի 1-ի մասով չի փոխվելու։ Ավինյանի գրառումը, ըստ նրա խոսնակի, վերաբերում է առաջիկա ավագանու նիստին, որտեղ եթե ընդունվեն առաջարկվող փոփոխությունները, արդեն նոր տարբերակով կգործի տրանսպորտը։
Վահե Մակարյան