33-ամյա վարորդը «Nissan Fuga»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 65կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Մարտին Հ․-ն իր վարած «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում՝ բախվելով նաև քարերի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։