Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Աթենքում կայացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Հունաստանի վարչապետը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում քննարկել են նաև  Հայաստանին վերաբերող հարցեր։

«Մայիս 2025-ի կէսօրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ժամանեց Յունաստանի մայրաքաղաք Աթէնք։ Ժամանումէն անմիջապէս ետք, առաջին հերթին, Նորին Սրբութիւնը հանդիպում ունեցաւ վարչապետ Քիրիաքոս Միթսոթաքիսի փոխանցեց Լիբանանի Հանրապետութեան նախագահ զօրավար Ժոզէֆ Աունի եւ վարչապետ Նաուաֆ Սալամի ողջոյնները եւ անոնց կողմէ կատարուած կարգ մը առաջարկները: Ապա, Հայրապետն ու վարչապետը ընդհանուր քննարկման առարկայ դարձուցին Միջին Արեւելքի պարզած աշխարհաքաղաքական կացութիւնը եւ այդ ծիրէն ներս յատկապէս անդրադարձան Հայաստանի, Լիբանանի ու Սուրիոյ: Նշենք, որ Արամ Ա. Կաթողիկոս մօտէն ծանօթ է Յունաստանի վարչապետին, որուն հետ նախապէս հանդիպումներ ունեցած է:

Հանդիպման սկզբնաւորութեան, Նորին Սուրբ Օծութիւնը վարչապետին ներկայացուց Յունաստանի Հայոց Թեմի նորընտիր առաջնորդ Գերշ. Տ. Սահակ Եպս. Եմիշեանը, ինչպէս նաեւ իրեն ընկերացող պատուիրակութեան անդամները՝ Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Լիմասոլի հոգեւոր հովիւ Գերպ. Տ. Յովհաննէս Ծ. Վրդ. Սաղտճեան եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ միջ-կրօնական յարաբերութեանց պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան: Իր պատուիրակութեան ներկայութեան, Վեհափառ Հայրապետը վարչապետին յանձնեց Բարձր Բերդի Աւետարանի կրկնօրինակը: Ապա, Նորին Սրբութիւնն ու վարչապետը առանձնանալով՝ առանձին զրոյց ունեցան վարչապետի գրասենեակին մէջ:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը Աթէնքի օդակայանին մէջ պաշտօնապէս դիմաւորուեցաւ Յունաստանի կառավարութեան ներկայացուցիչին, Յունաստանի եկեղեցւոյ պետ Երոնիմոս Բ.ի ներկայացուցիչներուն, Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդին, Կաթողիկոսարանի Կեդրոնական Վարչութեան անդամ տոքթոր Արմէն Տէրեանի եւ թեմի ազգային վարչութեան ատենապետ Թագւոր Յովակիմեանի կողմէ»,- նշված է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայության հաղորդագրությունում: