Նորատուսում գայլը 75 գառ է հnշnտել, Հայրապետյանների ընտանիքը զրկվել է ապրուստի միակ միջոցից

Նորատուսում գայլը 75 գառ է հnշnտել, Հայրապետյանների ընտանիքը զրկվել է ապրուստի միակ միջոցից

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում․ գայլերը հոշոտել են գյուղի բնակիչներից մեկի 75 գառներին։

Դեպքը պատահել է ժամը 01։30-ի սահմաններում. Նորատուս գյուղի բնակիչ 35-ամյա Արայիկ Հայրապետյանը տարօրինակ ձայներ է լսել, ապա ընտանիքի անդամների հետ դուրս է եկել տնից ու նկատել, որ գայլերը ոչխարների հոտը հոշոտել են։

Դեպքից րոպեներ անց Հայրապետյանը զանգել է գյուղապետին ու ոստիկանություն, որպեսզի միասին հասկանան, թե ինչպես է լուծվելու խնդիրը։

«Այսօր առավոտյան արդեն գնահատող հանձնաժողովը գնացել է, արձանագրումներ է արել, որպեսզի հաշվարկներ իրականացվեն ու փոխհատուցվի գյուղացու կրած վնասը։ Մենք փորձել ենք մաքսիմալ արագ արձագանքել խնդրին, քանի որ այդ ոչխարները գյուղացու ապրուստի միակ միջոցն էին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Նորատուսի վարչական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի արձանագրությունը ուղարկվելու է մարզպետարան, այնտեղից էլ՝ պատկան մարմիններին։ Գրիգորյանի հետ մեր զրույցի ընթացքում տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Անդրանիկ Ջրաղացպանյանը ևս Նորատուսում է, առավոտյան այցելել է տուժած ընտանիքին։

«Այսօր առավոտյան վնասները գնահատող հանձնաժողովն ԱԻՆ-ի ներկայացուցչի հետ վնասը գնահատել է, արդեն պատրաստի ակտը կուղարկեն մեզ, մենք էլ կուղարկենք պատկան մարմիններին ու կսպասենք արդյունքին։ Սովորաբար տասնօրյա ժամկետում խնդրին լուծում է տրվում»,- մեզ հետ զրույցում ասաց Ջրաղացպանյանը։

Հաշվարկելու համար, թե մոտավորապես որքան վնաս է կրել նորատուսցի ընտանիքը, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե շուկայում ինչ գին ունի մեկ ոչխարը, և տեղեկացանք, որ ըստ քաշի, միջինում 35-50 հազար դրամ արժե մեկ գառը, ուստի նախնական հաշվարկով ընտանիքի կրած վնասը միջինում 3,5 միլիոն դրամի սահմանում է։

Սակայն հանձնաժողովը հաշվարկն իրականացնում է պատկերն ամբողջապես դիտարկելուց հետո, ուստի մեր նշած թիվը կարող է էապես տարբերվել պետության վերջնական գնահատականից։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նորատուսում գայլը գառան հոտ է հոշոտում․ նման մի դեպք էլ փետրվարին էր արձանագրվել։

Նարե Գնունի