Ամեն րոպե զոհերի թիվ է հրապարակվում, նրանց մեջ նաև երեխաներ են․ Սիրիայում աղետ է

Սիրիական Հալեպում իրավիճակը շարունակում է մնալ ծայրաստիճան լարված։ Հակառակ այն բանի, որ Սիրիայի բանակը Համայում որոշակի առաջխաղացում ունի՝ հայաշատ Հալեպում ճգնաժամ է։
«Առավոտյան մեր զինվորականները ծանր հարված են տվել ընդդիմադիր խմբավորումներին։ Հալեպի գրավումից հետո սա, փաստորեն, առաջին սթափեցնող հարվածն է, որի պատճառով զինված խմբավորումների զորքի մեջ կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Մեր տեղեկություններով՝ նրանք շուրջ 30 կմ հետ են քաշվել Համա քաղաքից, սակայն, դա չի խանգարում, որ հեռահար հրթիռներով ահաբեկեն խաղաղ բնակչությանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է հալեպահայ Իսաբել Դանգուրյանը։
Հայ ժողովրդի կյանքում մեծ դերակատարում ունեցած Արևելքի երբեմնի ամենախաղաղ քաղաքը՝ Թուրքիայի հովանավորությամբ զինված տարբեր խմբավորումների ձեռամբ նորից հայտնվել է ահաբեկչությունների ու ռազմական գործողությունների թիրախում։ Քաղաքի մի մասն անցել է զինյալների տիրապետության տակ, շրջափակման մեջ են հայտնվել Սիրիայի բանակի «Ասատ» խմբավորման կուրսանտներն ու սպաները։ Վերջիններիս հաջողվել է դուրս գալ թշնամիների պաշարումից։
Հալեպահայ մեր հայրենակիցները MediaHub-ին փոխանցեցին, որ այս պահին Ալ Սաֆիրա շրջանում թեժ բախումներ են ընթանում Սիրիայի բանակի ու ընդդիմադիրների միջև։
«Ցավալիորեն պիտի նշեմ, որ ամեն րոպե միայն զոհերի թիվ է հրապարակվում, նրանց մեջ նաև երեխաներ կան։ Մեր տեղեկություններով, Հալեպից բացի՝ իրավիճակը թեժ է նաև Լիբանանում և Գազայի հատվածում։ Փաստորեն, մի՛ կողմից Թուրքիան, մյուս կողմից Իսրայելը ջանում են, որ բազմազգ Մերձավոր Արևելքում ցեղասպանությունը հասցնեն ավարտին։ Այլ բան չենք կարող մտածել»,-հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան