Ուշացած, բայց կարևոր նախագիծ՝ ՆԳՆ-ի կողմից․ «պլաշադկա» տեղափոխված մեքենաների համար գույքահարկ չի վճարվի

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց նախագծերի մի փաթեթ, որով առաջարկվում է, որ փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ հանցագործության հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելը։
«Նշված հիմքով փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է և գույքահարկի հաշվարկը դադարում է ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում՝ նշված ժամկետը կարող է երկարացվել նույն ժամկետով, եթե ստացվում են տվյալներ, որ փոխադրամիջոցը քրեական կամ քրեադատավարական վարույթի հիմքով շարունակում է գտնվել սեփականատիրոջ տիրապետումից դուրս։ Փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցնելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով փոխանցվում է տեղական ինքնակառավարման մարմին»,- նախագիծը ներկայացրեց ՆԳ փոխնախարարը։
Այս նախագիծը դրական արձագանքի արժանացավ պատգամավորների կողմից, և, կարելի է ասել, վարորդների կողմից սպասված նախագիծ էր, քանզի քրեական վարույթի պատճառով հատուկ պահpանվող տարածք տեղափոխված մեքենաները տարիներով կարող են մնալ այնտեղ, դրա սեփականատերը փաստացի այդ ընթացքում չտնօրինի իր տրանսպորտային միջոցը, բայց դրա դիմաց շարունակի անտեղի գույքահարկ վճարել։ ՃՈ պետի նախկին տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն, օրինակ, կարևորելով այս նախագիծը, փոխնախարարի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ վերջին չորս տարվա մեջ տասնյակ կամ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ մնացել են ռազմական գործողությունների վայրում և անհետացել, նկատի ունի երևի Արցախում։ Նաև կան տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, և այդ տրանսպորտային միջոցների վրա առ այսօր գույքահարկ է գոյանում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ մարդիկ չեն տնօրինում այդ տրանսպորտային միջոցները։ Ուստի, Խաչատրյանն առաջարկեց այս մասով ևս մի նորմ նախատեսի ՆԳՆ-ն, քանզի այդ մարդկանց թիվն էլ քիչ չէ։
Փոխնախարար Արմեն Մկրտչյանն ընդունեց, որ կա այդպիսի խնդիր՝ նշելով․ «Եթե Ձեր նշած դեպքերը կընկնեն այս շրջանակի մեջ, ապա, կարծում ենք, կարող են գործել օրենքի այս կարգավորումները, եթե ոչ, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցերը և հնարավորության դեպքում լրամշակում անել»։
Ի դեպ, այս նորմը տարածվում է նաև այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք առևանգվել են, և դրանց մասով սեփականատերը դիմել է իրավապահ մարմիններին, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ուստի Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ գույքահարկից ազատվում են մեքենաների հափշտակության օրվա՞ դրությամբ, թե՞ քրեական վարույթ հարուցելու դրությամբ։
«Ըստ էության՝ հանցագործության հիմքով քրեական վարույթը նախաձեռնելու պահից»,-պատասխանեց փոխնախարարը։
Սա, իհարկե, կարևոր նախագիծ է, որն այս իշխանությունները կարող էին վաղուց «ֆայմել» և իրականացնել, հատկապես պատերազմից հետո, երբ բազմաթիվ մեքենաներ են մնացել թշնամու տիրապետության տակ, բայց մինչ այս պահը գույքահարկ է գոյանում դրանց վրա։ Բայց լավ է ուշ, քան ավելի ուշ։
Մի խնդրահարույց պահ, այնուամենայնիվ, կա այս նախագծում։ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանն ասաց, որ օրենքը տարածվելու է միայն դրա՝ ուժի մեջ մտնելուց հետո առաջացած դեպքերի վրա, այսինքն՝ դրանից առաջ քրեական վարույթի շրջանակներում «պլաշադկաներում» ամիսներով կամ տարիներով փտող մեքենաների վրա գոյացած գույքահարկից քաղաքացիները չեն ազատվելու, ինչը մի կողմից տրամաբանական է, մյուս կողմից՝ անարդար։
Ի դեպ, մի կարևոր խնդիր կա այստեղ՝ քրեական վարույթով անցնող մեքենաների փորձաքննությունների ձգձգումները, որոնք երբեմն կարող են տարիներ տևել, այդպիսի օրինակներ մեզ հայտնի են, և ՆԳՆ-ն լավ կլինի՝ մի նախագիծ էլ այս մասով մշակի, որ քրեական վարույթի շրւջանակներում փորձաքննության ուղարկված կամ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաները իքս ժամկետից ավել չպետք է մնան այդպես, և, ասենք, որևէ ողջամիտ ժամկետից հետո պարտադիր պետք է վերադարձվեն սեփանակատիրոջը, եթե տվյալ մեքենան այլ փորձաքննությունների չի ենթարկվելու այլևս։
Վահե Մակարյան