Կեղծ զինադադար Մերձավոր Արևելքում․ Լիբանանում կրակում են, Հալեպը զինված խմբավորումների հսկողության տակ է

Կեղծ զինադադար Մերձավոր Արևելքում․ Լիբանանում կրակում են, Հալեպը զինված խմբավորումների հսկողության տակ է

Չնայած ուղիղ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հայտարարեցին կրակի դադարի մասին, բայց չլուծված հակամարտությունը՝ դրա բոլոր վատ կողմերով շարունակվում է։ Բեյրութի երկնքում շարունակ հայտնվում են իսրայելական անօդաչու թռչող սարքեր, իսկ հարավային Լիբանանում կրակի դադարի մասին միայն լսել են։

«Նոյեմբերի 27-ի հրադադարից հետո՝ Իսրայելը հարյուր անգամից ավելի խախտել է կրակի դադարի մասին պայմանավորվածությունը, և նույնիսկ երեկ հարձակվել է Լիբանանի բանակի վրա։ Իբրև հակադարձություն՝ «Հըզբոլլահ»-ի ուժերը հրթիռակոծել են իսրայելյան թիրախները բռնագրավված լիբանանյան գյուղի մեջ, մեսիջ փոխանցելով, որ եթե շարունակի խախտել զինադադարը, ապա լիբանանյան կողմը նույնպես կարող է դա անել։ Դրա դիմաց Իսրայելը դարձյալ հարվածեց հարավային Լիբանանը, և մինչև այս պահը գիտենք՝ կա 9 նահատակ»,- MediaHub-ին փոխանցեց լիբանանահայ վերլուծաբան Եղիա Թաշչյանը։ 

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է այս պահին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, անսպասելի չէր, քանի որ Թուրքիայի և Սիրիայի միջև բանակցությունները վերջին շրջանում ձախողվել են։ 

«Թուրքիան որոշ զիջումներ է պահանջում Սիրիայից, սակայն, դա տեղի չունեցավ։ Այդ զիջումների մեջ էր նաև սիրիացի գաղթականների վերադարձը, որոշ խնդիրներ կային նաև քրդական հարցով։ Թուրքիան մտահոգված է, որ եթե ամերիկյան ուժերը քաշվեն դեպի հյուսիս-արևելք, ապա հնարավոր է հարցեր ստեղծվեն թուրքերի ու քրդաբնակ շրջանների միջև։ Այս ամենը տեղի չունեցավ, բանակցություններում ընդհանուր լեզու չկարողացան գտնել, դրա համար էլ տեղի ունեցավ Հալեպի վրա հարձակումը»,- ընդգծեց Թաշչյանը։ 

Հալեպում իրավիճակը սարսափելի վատ է, քաղաքը հոսանքազրկվել է, ջրի ու հացի խնդիր կա։ Թաշչյանի խոսքով՝ զինյալ խմբավորումները, որոնց մեջ կան նաև օտարազգի վարձկաններ, իրենց տիրապետության տակ են վերցրել ամբողջ քաղաքը։

«Մինչ այսօր, բարեբախտաբար, քրիստոնեական, հայաբնակ թաղամասերի վրա հարձակում տեղի չի ունեցել, սակայն, մտավախություն կա, որ սիրիական և ռուսական բանակի կողմի ռմբակոծումներն ավելի կսաստկանան հայաբնակ շրջանների մեջ ու վնասներ կհասցնեն մեր գաղութին»,- եզրափակեց նա։

Հունան Թադևոսյան