«Իրավան»․ Բաքվում հրատարակված նոր գիրք՝ Երևանի մասին

Աշխարհի աչքին մարդասեր ու խաղաղասեր ներկայանալու պատրվակով՝ Բաքվում բարձր ամբիոններից լուրջ դեմքերով խոսում են Հայաստանի հետ հնարավոր խաղաղության մասին, 2 երկրների ղեկավարների կողմից առաջ քաշված «Խաղաղության պայմանագրի» շուրջ քայլեր են կատարվում, որպեսզի վերջ դնեն տասնամյակներ ձգվող հակամարտությանն ու պատերազմներին։
Մյուս կողմից՝ երկրի առաջին դեմքերով Հայաստանը ներկայացնում են որպես պատմական Ադրբեջան, որն, իբր, տարածաշրջանային պատերազմների ու արշավանքների պատճառով գրավել են հայ թագավորները։
«Պատմությունը կեղծելու 21-րդ դարի ամենացցուն փորձը ադրբեջանական թեզերն են։ Ու գիտե՞ք՝ հաջողում են, ու հաջողելու են, որովհետև դա նրանց մոտ հրաշալի է ստացվում, քանի որ ցանկացած նման կեղծ հռետորաբանություն արժանի հակահարված չի ստանում։ Մենք շարունակաբար խոսում ենք իրական ու պատմական Հայաստանների մասին։ Պատմականը մնացել է պատմության էջերում, հիմա Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանն են փորձում իրենցով անել։ Կորցնելու վտանգը անհավանական չէ»,- MediaHub-ի հետ զրույցում պնդում է պատմաբան Նորա Մարգարյանը։
Նրա խոսքով՝ Բաքվի հեռուստաալիքներով Հայաստանի քարտեզն Արևմտյան Ադրբեջան ներկայացնելուց բացի, նաև գիրք են հրատարակել Երևանի մասին։
«Գրքի վրա պատկերված Երևանի Կապույտ մզկիթի նկարը, որը հարյուրամյակներ շարունակ պահպանվում է կառավարության կողմից, իր արձանագրություններով, զարդանախշերով, ինքնատիպ հորինվածքով ու գրություններով՝ պարսկական մզկիթ է և պահպանվում է հենց բարեկամ Իրանի կողմից։ Սակայն, դա չի խանգարել Արդրբեջանին, որ «Գյոյ-ջամին» (Կապույտ մզկիթ) այդ գրքում ներկայացվի իբրև ադրբեջանական հոգևոր կենտրոն Երևանում։ Նույնն էր նաև Շուշիի «Գովհար աղա» մզկիթի դեպքում։ Ի դեպ, այն մինչև 2020 թվականը վերանորոգվել էր իրանցի բարերարների հովանավորությամբ։ Ի՞նչ եղավ հետո։ Շուշին գրավելուց շատ չանցած՝ ադրբեջանցիներն այնտեղից հեռացրել են պարսկական գրությունները, ամեն ինչ դարձրել իրենցը։ Մինչդեռ, մեկ հարյուրամյակ առաջ նրանք երազում էին ունենալ իրենց սեփական տեղը քարտեզի վրա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ թշնամի երկրի նախագահ Ալիևը վերջերս տված իր հարցազրույցներից մեկում կրկին ՀՀ-ին տարածքային պահանջներ է ներկայացրել՝ պնդելով, թե, իբրև, Երևանն ու Ջերմուկն իրենց պատմական տարածքներն են։
Հունան Թադևոսյան