Միակողմանի զիջումները կշարունակվեն

«Խաղաղության վերաբերյալ պատկերացումները երբեք այսքան պարզ ու հստակ արտահայտված չեն եղել։ Հայաստանից ու Ադրբեջանից հնչող թեզերը ոչ միայն անհանգստացնող են, այլև սարսափեցնող։ Այսպես շարունակվելու դեպքում՝ Հայաստանը տարածաշրջանում կկորցնի իր դերակատարումը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է կանադահայ հասարակական գործիչ Հովհաննես Այնթափլեանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ «Վերադարձի իրավունք. Արդարություն Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» միջազգային համաժողովի ընթացքում հնչեցրած ելույթին։
«Հայաստանը պետք է երկխոսություն սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ»,- մասնավորապես ասել է Իլհամ Ալիևը:
«Դուք հասկանու՞մ եք այդ երկրի նախագահի վարած քաղաքականությունը, նպատակները, մտքի թռիչքն ու հայաստանյան իշխանությունների ապիկարությունը։ Արցախում մի ողջ տարածաշրջանի ժողովրդի էթնիկ զտման ենթարկած, տնավեր-բնավեր դարձրած Ալիևն իր խոսքում նախ, Հայաստանը ներկայացնում է որպես իր երկրի տարածք, իսկ այստեղից արտաքսված ժողովրդին՝ բռնի կերպով վտարվածներ։ Սա կատակ բան չէ։ Միակողմանի զիջումները կշարունակվեն»,- ասաց Այնթափլեանը։
Հիշեցնենք, որ Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի ընթացքում Իլհամ Ալիևը նշել է․ «Արևմտյան Ադրբեջանում՝ ներկայիս Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և բռնի կերպով վտարվել են իրենց պատմական հայրենիքից: Հարյուր հազարավոր ադրբեջանցիների սարսափելի տեղահանումների մի քանի փուլերից հետո Հայաստանում չի մնացել ոչ մի ադրբեջանցի»։
Այնթափլեանը նկատում է, որ Ալիևի ելույթին զուգահեռ՝ նույն պահին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից պատասխանելով պատգամավորի հարցին հայտարերել է, որ Հայաստանն Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունի: «Առաջիկայում պետք է դելիմիտացիայի պրոցեսը շարունակենք փոխադարձ համաձայնությամբ: Հիմա, դուք հավատո՞ւմ եք Ալիևի ու Փաշինյանի բերած խաղաղությանը, ես ոչ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան