Ադրբեջանցիները գիշերը կրակել են Տավուշի ուղղությամբ. ո՞ր գյուղերն են կրակի տակ հայտնվել

Ադրբեջանական Զինված ուժերը կրակ են բացել Տավուշի ուղղությամբ: Ինչպես MediaHub-ին ահազանգում է Բերդի բնակիչը՝ կրակել են Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի ուղղությամբ։
«Գիշերը կրակել են Բերդի տարածաշրջանի Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի ուղղությամբ: Եթե նախկինում հաճախ կրակել են դիրքերի վրա, ապա այժմ, բավականին երկար կրակել են գյուղերի ուղղությամբ։ Իմ իմանալով՝ տուժածներ չկան»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց Բերդի բնակիչը։
Նա հավաստիացրեց՝ խուճապ չկա, թեև վերջին մեկ ամսվա ընթացքում կրակոցները պարբերաբար են դարձել։
Հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է լարված մնալ, քանի դեռ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով կրակում է սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Չնայած այն բանի, որ հայկական կողմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, մինչև օրս ադրբեջանական կողմից չեն արձագանքել։ Եվ ահա Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք գիշերը լուսացնում են ադրբեջանական կրակի ուղեկցությամբ, այժմ նաև Տավուշի բնակիչները գումարվեցին։
Մարիաննա Արամյան