ՔԿ-ն փորձում է կոծկե՞լ Արթուր Չախոյանին ծեծելու գործն ու փրկել նախկին թաղապետին պատժից

Նոր Նորք վարչական շրջանի՝ արդեն նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և իր թիմակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին տեսախցիկների առջև ծեծելու և խուլիգանության գործը տեղում դոփում է։
Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում էր հարուցել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը»:
Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ գործով որևէ նորություն չկա, այս պահին շարունակում է գործով ներգրավված լինել չորս մեղադրյալ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
Այսինքն՝ մյուս դեպքերում, երբ ՔԿ-ն շտապում է անգամ մեկի ոտքը պատահաբար տրորելու դեպքով գործ հարուցել և անմիջապես կալանավորման միջնորդություն ներկայացնել, այս դեպքում չափազանց մեծ հումանիզմ է դրսևորել տեսախցիկների առջև ակնհայտ խուլիգանական գործողություններ կատարած և ակտիվիստին բացահայտ ծեծի ենթարկած թաղապետի ու նրա «բանդայի» ներկայացուցիչների նկատմամբ։
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, բնականաբար, կհերքի, որ ինքը քաղաքական պատվեր է կատարում՝ ժպիտը դեմքին «հիմնավորելով», որ ՔԿ-ն, իբր, գործադիր իշխանությունից անկախ ու դրա հետ մեկտեղ նաև պրոֆեսիոնալ կառույց է, բայց փաստն այն է, որ բացահայտ ծեծի դեպքի առթիվ նախ լրիվ այլ՝ ավելի թույլ հատկանիշներով են գործ հարուցել՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը», որտեղ չի նշվում ծեծի ու խուլիգանության մասին, մյուս կողմից՝ ընտրել է ամենամեղմ խափանման միջոցը։ Եվ սա այն դեպքում, երբ ընդդիմադիրների կողմից անգամ ամենաաննշան միջադեպի պարագայում ՔԿ-ն շտապում է ամենախիստ հոդվածներով գործեր հարուցել և միանգամից ուղարկել կալանավորման։
Բացի այդ, դեպքից արդեն անցել է ավելի քան քսան օր, ու որևէ տեղաշարժ չկա սրանով։ Այսպես, հավանաբար, մի քանի տարի կքննեն գործը և այնքան կձգեն, որ մարդիկ կմոռանան այս դեպքի մասին, բռնարար ու խուլիգան թաղապետի անունն էլ անգամ չեն հիշի։ Արդյունքում կստացվի՝ Քննչական կոմիտեն փրկեց ՔՊ-ի «քույր-կոալիցիոն» գործընկեր «Հանրապետություն» կուսակցության անդամին և նրա հետ նույն խուլիգանությանը մասնակից մյուս բռնարարաներին։
Վահե Մակարյան