Բանակցություններ՝ առանց առաջընթացի 

Բանակցություններ՝ առանց առաջընթացի 

ԱՄՆ մայրաքաղաքի Արլինգթոն արվարձանում անցկացված բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երկկողմ համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: Այս մասին ասված է բանակցությունների արդյունքներով կողմերի տարածած միասնական հաղորդագրությունում:

«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ», - նշված է հաղորդագրությունում:

Ակնհայտ է, որ հակամարտության կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ սկզբունքային երեք- չորս հարցերում:

Ի դեպ, Պրահայում գտնվող Նիկոլի Փաշինյանն, ըստ էության, բացահայտել է հակասությունների առարկան:

Նա հայտարարել է՝ անորոշ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը, անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը։
Ելույթ ունենալով Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել նաև խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները։ Հայաստանի ղեկավարի խոսքով՝ չկա նաև որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում: 

Այսպիսով՝ խաղաղության գործընթացի խոչընդոտ են հանդիսանում ոչ միայն հայ-ադրբեջանական հակասությունները, այլ նաև գլոբալ հակադրությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչը թույլ չի տալիս կոնսոլիդացված միջազգային ջանքեր գործադրել՝ հակամարտությունը կարգավորելու համար:

Վահրամ Բագրատյան