Բժիշկը զգուշացրել է կեսգիշերից հետո քնելու սովորության լուրջ հետևանքների մասին. լյարդի վրա նաև կարող է ազդել

Կեսգիշերից հետո քնելու սովորությունը բացասաբար է անդրադառնում հորմոնալ մակարդակի, հուզական վիճակի և աղիքների աշխատանքի վրա, ասել է գաստրոէնտերոլոգ Սաուրաբհ Սեթին «Surrey Live»-ին տված հարցազրույցում։
Բժշկի խոսքով՝ քնի պակասի դեպքում առաջինը քաշի ավելացումն է, որին հաջորդում են անտարբերությունը և քրոնիկ վատ տրամադրությունը։ «Քնի պակասը խնդիրներ է առաջացնում կենտրոնացման և մտածողության հետ»,- ընդգծել է Սեթին։
Մասնագետը նշել է, որ քնի պակասն աստիճանաբար ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրա։ Նա մանրամասնել է, որ այս գործընթացն ամենից հաճախ ազդում է հորմոնալ մակարդակի, աղիքների և լյարդի ֆունկցիայի վրա։ Հոգեկան առողջությունը նույնպես կարող է լրջորեն խաթարվել։
Սեթին ընդգծել է, որ լավագույնն է ամեն օր նույն ժամին պառկել քնելու, ցանկալի է կեսգիշերից առաջ։ Նա ասել է, որ ժամանակը կարևոր է, քանի որ ամեն գիշեր անհրաժեշտ է 7-9 ժամ քուն։