Այդ «իդիոտներից» մեկը հաշվե՞լ է գին-որակ հարաբերակցություն, որ անիմաստ խոսում են․ գյուղատնտես 

Այդ «իդիոտներից» մեկը հաշվե՞լ է գին-որակ հարաբերակցություն, որ անիմաստ խոսում են․ գյուղատնտես 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան էջում մի գրառում է արել, որը վերաբերում է Լարսի խնդրին: Մասնավորապես նրան, որ հայկական բեռնատարները օրերով հերիք չի մնում են սահմանին, ոմանք էլ հետ են վերադարձվել ՀՀ Ռուսաստանի կողմից:

Հարությունյանը, մասնավորապես, գրել էր. «Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի»:

Որքանո՞վ է նման պնդումը իրական, ի՞նչ կարող է անել հայ ժողովուրդը այս վիճակում, և իսկապե՞ս Լարսի անցակետի փակվելը կրիտիկական չէ ՀՀ տնտեսության համար։ Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։

«Ես շոկի մեջ եմ նման հայտարարություն կարդալուց, սարսափելի ապշած վիճակում եմ, որովհետև չի կարող պաշտոնատար անձը նման անպատասխանատու հայտարարություն անել»,- ասաց նա։

Ըստ Մնացականյանի՝ պաշտոնյան չի կարող և ուղղակի իրավունք չունի նման հայտարարություն անել, եթե ամբողջ գործընթացից, տնտեսությունից ոչինչ չի հասկանում, առավել ևս արտահանումից ոչինչ չի հասկանում և պարզապես հորդորում է բնակչությանը գնել հայկական մթերք։ «Բնակչությունը, ենթադրենք, 2 հազար տոննա ելակ ո՞նց է գնելու»,- հարցադրում է անում Մնացականյանը։

Նա վրդովված շարունակեց աշխարհի տնտեսությունը զարգանում է արտահանման վրա, և եթե այդ երկիրը արտադրում է այնքան քանակ, որ իր բնակչությանը բավարարի, նշանակում է ծայրահեղ աղքատ երկրներին պետք է դասել։ 

«2 մլն կգ ելակ հայ բնակչությունը ո՞նց գնի։ Կամ հայտարարել նոր շուկաների մասին, եթե Լարսը փակվի... Եվրոպական ո՞ր երկրի ստանդարտներն են ուսումնասիրել և մեր արտադրվող ապրանքը համապատասխանացրել կամ գոնե մոտեցրել այդ երկրի ստանդարտներին։ Ինչպե՞ս, եթե ինքը շուկան ընդհանրապես չի պատկերացնում։ Ես մի անգամ եվրոպական խոշոր ցանցին առաջարկեցի հաճար, ինձ ուղարկեցին 9 մլն եվրոյի պատվեր, որը ես չունեի։ Մենք ունե՞նք նման քանակ, ունե՞նք նման ենթակառուցվածքներ և նման լոգիստիկ համակարգ, որ կհասցնեն և ընդհանրապես՝ մրցակցային գին-որակ հարաբերակցություն այդ իդիոտներից մեկը հաշվել է, որ անիմաստ խոսում են»,- ասաց նա։

Մնացականյանը նշեց, որ հայ ժողովուրդը պարզ է, թե ինչ պետք է անի, բայց հենց հայ ժողովուրդն ուզում է այդ մեթոդներին գնալ, «քաղաքական մեռելներին կանգնացնում են հրապարակում, հետո ցրում են»։

«Տնտեսությունը զարգացնելու համար պետք է ունենալ զարգացած գիտություն, կոմպետենտ մասնագետներ, պրոֆեսիոնալ կադրեր ու հստակ քաղաքական գիծ։ Երբ ոչինչ չունես, տնտեսությունը ինքն իրեն չի զարգանա»,- եզրափակեց Մնացականյանը։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո բազմաթիվ հայկական բեռնատարներ Լարիսց ռուսական կողմը վերադարձրել է Հայաստան՝ չթաքցնելով, որ խնդիրը քաղաքական է:

Մարիաննա Արամյան