«Չի բացառվում, իհարկե»․ ո՞վ կլինի Հովիկ Աղազարյանի ներկայացրած վարչապետի թեկնածուն

«Չի բացառվում, իհարկե»․ ո՞վ կլինի Հովիկ Աղազարյանի ներկայացրած վարչապետի թեկնածուն

ՔՊ-ից անկախացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անսալով Էդգար Ղազարյանի ու Նարեկ Մալյանի կոչին ու կարդալով նրանց ուղարկած նամակները, մայիսի 9-ին հայտարարեց, որ, որպես ՄԱՍԿ կուսակցության վարչության անդամ, լիազորված է հայտարարել, որ նախաձեռնում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ)։

«Վարչապետի մեր թեկնածուի անունը կհայտարարենք սույն թվականի մայիսի 20-ին»,- ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր Աղազարյանը։

MediaHub-ն այսօր նրանից հետաքրքրվեց, թե կա՞ն, արդյոք, թեկնածուներ, որոնց դիտարկում են որպես ապագա վարչապետի թեկնածու, և ի՞նչ շրջանակից են նրանք։

«Էդ մարդիկ պետք է լինեն էդ պաշտոնին քիչ թե շատ համապատասխանող, պետք է լինեն վստահելի, որ, ասենք թե, տեսականորեն հաջողության դեպքում հանկարծակի չգնան էս կողմ-էն կողմ, չդավաճանեն սկզբունքներին, այսինքն՝ էդպիսի որոշակի բաներ պիտի հաշվի առնենք, որ մեր ընտրությունը կատարենք»,- ասաց Հովիկ Աղազարյանը։

-Իսկ շա՞տ են այդ թեկնածուները, մոտավորապես քանի՞ հոգու շուրջ են հիմա քննարկումները, և ովքե՞ր են ընտրելու նրանց։

-Յոթ հոգու շուրջ։ Կուսակցության վարչությունն է նրանց ընտրում։

-Իսկ այդ յոթ հոգին կուսակցականնե՞ր են բոլորը, թե՞ դրսից էլ մարդ լինի։

-Հինգը դրսից են։ 

-Իսկ Դուք, Հակոբ Ասլանյանը կամ Ձեր որդին կարո՞ղ է այն երկուսից մեկն են։

-Հարմար չեմ գտնում անուններ տալ։

-Բայց կարո՞ղ է նաև Դուք լինեք։

-Չի բացառվում, իհարկե։ 

-Իսկ ընդդիմությունը կմիանա՞ Ձեզ, եթե հենց Դուք նախաձեռնեք այդ անվստահության գործընթացը։

-Վստահ չեմ կարող ասել, բայց ակնկալում ենք, բնականաբար։

-Իսկ ինչի՞ց հետո որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ։

-Մենք արձագանքել ենք Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի նամակներին։

Վահե Մակարյան