Հայրս ինձ ասում էր՝ իրական տղամարդը նա է, որ երբեք չի ասում այն, ինչ չի անելու և միշտ անում է այն, ինչ արդեն ասել է

ՔՊ-ից դուրս եկած և անկախ պատգամավոր դարձած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստ են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց մեկնարկել, և մայիսի 20-ին կհայտարարեն, թե ով կլինի իրենց վարչապետի թեկնածուն։ Այս մասին հայտարարել է Աղազարյանը։
MediaHub-ը փորձեց Հակոբ Ասլանյանից տեղեկանալ, թե ի՞նչ փուլում են վարչապետի թեկնածուի շուրջ փնտրտուքները, կա՞ն, արդյոք, հավանական թեկնածուներ։
Ասլանյանը, սակայն, նշեց, որ ինքը խոստացել է առաջիկա երեք օրը որևէ բան չխոսել այս թեմայով։
«Գոնե այս երկու-երեք օրը ես ոչինչ չեմ խոսելու, ես արդեն մի երկուսին մերժել եմ, իսկ ես մի սկզբունք ունեմ, որ ես երբեք չեմ անում այն, ինչ որ չպետք է անեմ, և միշտ անում եմ այն, ինչ արդեն ասել եմ»,- ասաց պարոն Ասլանյանը։
-Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի որդեգրած «սկզբունքներին» լրիվ հակառակ սկզբունքներ ունեք Դուք։
-Ինձ այդպես դաստիարակել են իմ ընտանիքում դեռևս փոքր հասակից, երբ որ իմ հայրն ինձ ասում էր՝ տղա ջան, իրական տղամարդը նա է, որ երբեք չի ասում այն, ինչ չի անելու և միշտ անում է այն, ինչ արդեն ասել է։
-Հիմա, այս կոնտեքստում, Նիկոլ Փաշինյանն իրական տղամա՞րդ էր, երբ Դուք իր հետ շփվում էիք ՔՊ-ում։
-Ես ասել եմ, որ ամենաքիչը երկու-երկուսուկես տարի առաջ իմ հակասություններն արդեն իրենց հետ առաջացել են, ես մնացել եմ ՔՊ-ում մենակ դրա համար, որ փորձել եմ ներսից ինչ-որ ձևով դրա դեմ դուրս գալ։
-Այսինքն՝ փորձել եք ներսից խոսքի տեր կամ իրական տղամարդկա՞նց հայտնաբերել։
-Թեկուզ էդպես․ խոսքի տեր մարդկանց, ոչ թե իրական տղամարդկանց։ Ես իմ խոսքն իմ կյանքից առավել եմ համարել։ Օրինակ՝ 2016 թվականին, երբ ես ճակատից վերադարձա, «Անկախ» շաբաթաթերթում երկու անգամ հարցազրույց եմ տվել, և առաջին հարցազրույցում, երբ ինձ հարցնում են, թե ինչու եք կռվել, ես միշտ ասում եմ՝ ես կռվով փորձել եմ իմ հայրենիքի արժանապատվության սահմանները մեծացնել։
-Բայց հետո այդ սահմանները նեղացրին Ձեր նախկին թիմակիցները։
-Էդտեղ համաձայն չեմ, հայրենիքի սահմանները նեղացրինք մենք բոլորս միասին՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ։
-Դուք՝ ՔՊ-ականնե՞րդ։
-Ոչ, ամբողջ ժողովրդով։
-Բայց ՔՊ-ի գլխավորությա՞մբ։
-Ոչ։
-Դե, հիմա, ես չեմ նեղացրել այդ սահմանները։
-Եթե պետք է դրա մասին խոսենք, եկ՝ առանձին խոսենք։
Վահե Մակարյան