Չաղացրին, հիմա էլ մnրթnւմ են․ իշխանության թիրախում «նիկոլական» դատավորներն են

Չաղացրին, հիմա էլ մnրթnւմ են․ իշխանության թիրախում «նիկոլական» դատավորներն են

Նիկոլական իշխանությունը՝ իր արդարադատության նախարարով և ԲԴԽ-ով հանդերձ, որոշել է հերթով զոհաբերել իրենց հլու-հնազանդ ծառայող դատավորներին։ Վերջին շրջանում մտնելով դատական իշխանության կայքը՝ տեսնում ենք, որ ԲԴԽ-ում կարգապահական վարույթներ են հարուցվել հիմնականում հենց իշխանության սրտի դատավորների կամ, այլ կերպ ասած, անկախ դատական իշխանության «նիկոլական» սեկտորի դատավորների նկատմամբ։ Սա քիչ է՝ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալում, ապա կալանավորման է ուղարկում ամենանիկոլական դատավորներից մեկին՝ Արտուշ Գաբրիելյանին։

Մարդ, որը մուրճի մեկ հարվածով կալանքի էր ուղարկում այս իշխանության պատվերով դատարաններում հայտնված ընդդիմադիր գործիչներին, հիմա ինքն է հայտնվել ճաղերի ետևում։

ԲԴԽ-ում էլ հունիս ամսին կարգապահական վարույթի երեք նիստ է նշանակված, որոնցից երկուսը, դարձյալ, ակնհայտ մերձիշխանական կամ նիկոլական դատավորներ են՝  Մասիս Մելքոնյանն ու Գագիկ Պողոսյանը, որոնց մասին ասում են՝ դատական համակարգի «Մացոներն» են, պարզապես Մասիսը նոր «Մացո» է, Գագիկը՝ հին «Մացոներից» է։ Մացոն, նկատենք, դատավոր Մնացական Մարտիրոսյանն է, որը հայտնի է բոլոր իշխանություններին աներկբա և հավատարիմ ծառայելու իր «բնավորությամբ»։ Ներկայիս դատական իշխանությունում, ինչպես տեսնում ենք, «Մացոների» պակաս չի զգացվում։

Մի քանի օր առաջ էլ այդ նույն ԲԴԽ-ն քննում էր դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Նաիրա Հովսեփյանը արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, ու, որպես հերոսի մայր, քննադատվել է այս իշխանությունների հետ մտերմության և, հատկապես, Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու, նրա հետ տարբեր միջոցառումների մասնակցելու և ՔՊ-ի «սրտի դատավորը» լինելու մեջ։ Նա այս ընթացքում բազմիցս խախտումներ է թույլ տվել՝ ուշացնելով դատական ակտերը, նրա դեմ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել արդարադատության նախարարություն, որոնց, սակայն, ԱՆ-ն ընթացք չէր տալիս, խնայում էր, և միայն փաստաբան Գոռ Մարգարյանի հաղորդման հիման վրա, ի վերջո, նախարար Սրբուհի Գալյանը որոշեց կարգապահական վարույթ հարուցել իրենց սրտի դատավոր և Աննա Հակոբյանի «ընկերուհին» հանդիսացող դատավորի վրա և նրան կանգնեցնել Բարձրագույն դատական խորհրդի առաջ։ Մի քանի օր առաջ նրա գործով նիստն էր, որտեղ տիկին Հովսեփյանն անընդհատ շահարկում էր իր՝ զոհվածի մայր լինելու հանգամանքն ու կշտամբում ԲԴԽ-ին, որ իր առջև խոնարհվելու փոխարեն իրեն դատում են։ Սա ցույց է տալիս, որ անգամ իշխանության սրտի դատավորները հավերժ անձեռնմխելի չեն։ Եվ սա ոչ թե այն պատճառով, որ այդ իշխանությունը չափազանց արդարամիտ է և չի խնայում անգամ իր յուրայիններին կամ իրեն հավատարիմ ծառայողներին, այլ այս իշխանությունները այդ «ծառաների» հետ վարվում են այնպես, ինչպես ֆերմերը՝ իր խոզերի հետ, այսինքն՝ չաղացնում է, որ հետո մորթի։

Հայտնի առած կա․ խոզին ու էշին կապում են իրար կողք, խոզին ամեն օր լավ կերակրում են, բտում, իսկ էշին ոչինչ չեն տալիս։ Մի օր էշը չի դիմանում և դժգոհում է, թե ինչո՞ւ են իր կողքը կապած խոզին այդքան լավ կերակրում, իսկ իրեն սոված են թողնում։ Խոզն ասում է․ «Կարևորը՝ վերջը լավ լինի»։ Մի քանի օր անց էշը տեսնում է, որ լավ կերակրած, չաղացրած խոզին տանում են մորթելու։

Հիմա նույնը այս դատավորների հետ է տեղի ունենում․  Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանական թիմակիցները իրենց հավատարիմ ու անվերապահ ծառայող դատավորներին նախ մի լավ չաղացնում են՝ ներելով նրանց բոլոր խախտումներն ու ապօրինությունները, իսկ վերջում տանում են «մորթելու»՝ քրեական գործեր հարուցելով ու կալանավորելով կամ կարգապահական վարույթներով պատժելով։

Վահե Մակարյան