Կարենի ու Անիի վալսը․ Արցախի վերջին՝ Վերջին զանգի վերջին պարը (տեսանյութ)

«Գնացինք եկեղեցի, ուժեղ անձրև սկսվեց, արագ պատսպարվեցինք՝ մի մասը մոմավաճառի, մյուսները եկեղեցու նախագավիթում։ Վերջին զանգի ավանդական վալսի իմ պարազույգը՝ մեր դասարանից Կարենն էր։ Դպրոցում իրար հետ պարել էինք։ Եկեղեցում իրարից հեռու էինք կանգնած, Կարենը զանգեց ու առաջարկեց, որ անձրևի տակ վալս պարենք, ես էլ համաձայնեցի։ Ամեն ինչ պատահական ստացվեց, եկանք իրար ընդառաջ ու սկսեցինք պարել։ Անձրևն ավելի էր ուժեղանում, իսկ մենք ինքնամոռաց պարում էինք»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է ստեփանակերտցի Անի Սիմոնյանը։
Կարենի ու Անիի վալսը 2023 թվականին մեծ արագությամբ տարածվեց սոցիլական ցանցերի հայկական տիրույթում։ Արարքը համարձակ ու խենթ էր, որը հազարավոր մարդկանց հիշողության մեջ մնաց իբրև Արցախի վերջին՝ Վերջին զանգի վերջին վալսը։
«Այդ ժամանակ մենք գտնվում էինք շրջափակման մեջ։ Որևէ մեկիս մտքով չէի էլ անցել, որ անգամ 2 տարի անց շատերը կկիսվեն մեր վալսի տեսանյութով, հուզիչ գրառումներ կկատարեն։ Ցավոք, այո, դա Արցախի Վերջին զանգն էր, և մեր սերունդը եղավ վերջին շրջանավարտը»,- նշեց Անին։
Կարենն ու Անին սովորել են Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 դպրոցում։ Բռնի տեղահանությունից հետո շարունակում են ուսումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Անիի խոսքով՝ ԲՈՒՀ-ում նոր ընկերներ է ձեռք բերել, սակայն, շարունակում է կապը թե՛ դասընկերների և թե՛ Կարենի հետ։
Տեսանյութն այստեղ