Ինչո՞ւ է հայկական կողմը խոչընդոտում դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը․ ՍԱՏՄ–ի պարզաբանումը

Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը։ Այս մասին գրել էր ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ հայկական կողմն իրականացնում է բուսասանիտարիայի խստացված վերահսկողություն՝ չթույլատրելով մրգի կամ բանջարեղենի արտահանումը։ Այս ամենի հետևանքով բեռնատարներն օրեր շարունակ կանգ են առնում Բագրատաշենի անցակետում, փչանում է հարյուրավոր տոննաների հասնող միրգն ու բանջարեղենը։
MediaHub-ը կապ հաստատեց ՍԱՏՄ հետ, որտեղից մեզ հավաստիացրին, որ որևէ խոչընդոտ չկա։
«Խոչընդոտ չկա, ստուգումները իրականացվում են: Նրանք, ովքեր ունեն բուսասանիտարական հավաստագիր, կարողանում են արտահանել ապրանքը: Հավաստագիրը տրվում է ՍԱՏՄ-ի կողմից, իրենց ապրանքը ուղարկվում է լաբարատոր փորձաքննության, եթե հայտնաբերվում են կարանտին օրգանիզմներ, արտահանումն արգելվում է։ Նրանք, ում ապրանքներում ոչ մի խնդիր չկա, ստանում են հավաստագիր և արտահանում են»,– փոխանցեցին ՍԱՏՄ–ից։
Իսկ հարցին, թե ինչո՞ւ են բեռնատարները կանգ առնում Բագրատաշենի անցակետում, ՍԱՏՄ–ից պատասխանեցին․ «Կարող են կանգնած լինել միայն մեկ պարագայում՝ լաբարատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ իրենց ապրանքն ունի հիվանդություն»։։
Մարիաննա Արամյան