Հյուպատոսի «կապրիզները». ինչո՞ւ է ՀՀ-ում Հունաստանի դեսպանատունը բոլորին համատարած մերժում

ՀՀ քաղաքացիների համար Հունաստանի վիզա ստանալը դարձել է իսկական գլխացավանք։ Առհասարակ, վերջին տարիներին եվրոպական երկրները սկսել են էլ ավելի մեծ դժվարությամբ տրամադրել շենգեն վիզա իրենց երկրներ այցելելու համար, և դրանց մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Հունաստանի դեսպանատունը և ՀՀ-ում Հունաստանի հյուպատոսը, որից դժգոհությունները շատ-շատ են։
Համացանցում բազմաթիվ են դժգոհությունները, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստած դիմել են Հունաստանի դեսպանատուն՝ վիզայի համար, և մերժում են ստացել։ Ու ոչ մի հոդաբաշխ բացատրություն, թե ինչու են մերժում։ Մերժման հիմքը նշել են անվստահություն։
Ավելին, մենք հանդիպեցինք նաև ուղիղ ակնարկների, որ Հունաստանի դեսպանատունը գուցե «փողով վիզա է տրամադրում շենգեն գոտիով ԱՄՆ տեղափոխվողների համար», հյուպատոսը հենց այդ գործի վրա է, դրա համար էլ մյուս քաղաքացիներին մերժում է: Սա, կրկնում ենք, մերժում ստացած քաղաքացիների կողմից հնչեցվող տեսակետ է, որը ո՛չ հերքվեց այս պահին, քանզի Հունաստանի դեսպանատանից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին, ո՛չ էլ կարող ենք հաստատել:
Այս ամենի մասին, բնականաբար, տեղյակ է ԱԳՆ-ն, անգամ ԱԺ ամբիոնից են այս հարցը բարձրացրել, բայց ՀՀ արտաքին գերատեսչությունը, բնականաբար, որևէ քայլ չի ձեռնարկել ու չի ձեռնարկում, որ Հայաստանի քաղաքացիները Եվրոպա մեկնելու խնդրի առաջ չկանգնեն։ Իսկ ամեն մերժված վիզան բացի հոգեբանական սթրեսից նաև լուրջ ֆինանսական բեռ է առաջացնում քաղաքացիների վրա, քանի որ տասնյակ հազարավոր դրամներ են ծախսում վիզա կենտրոններում, որ նրանք «թղթերը դասավորեն», նաև լրացուցիչ գումար են վճարում, որ տարբեր ճանապարհներով դեսպանատանը օր վերցնեն, գումարած՝ իրենց հանգստի համար նախապես վճարած ավիատոմսի և հյուրանոցի գումարը, և այս ամենը ջուրն է լցվում Հունաստանի դեսպանատանը նստած ինչ-որ հյուպատոսի քմահաճույքով։ Եվ երբ ցանկանում են կապ հաստատել դեսպանատան հետ և զրուցել հյուպատոսի հետ, հանդիպում են պատի, քանզի հյուպատոսի հետ խոսել, նրանից որևէ պարզաբանում ստանալ կամ գոնե բողոքարկել իր մերժումը գործնականում անհնար է։
«Չարաբաստիկ 12 կետով մերժումը ստանալուց հետո, ինձ հուշեցին, որ կարելի է գնալ դեսպանատուն և բողոքարկել մերժումը: Բնականաբար գնացի: Դեսպանատան դարպասի դիմաց, դոմոֆոնով խոսել եմ 3 տարբեր աշխատակիցների հետ, ովքեր կտրականապես հրաժարվեցին ներկայանալ, չպատասխանեցին ոչ մի հարցիս, ամեն ինչին ասելով, որ կոնսուլն է այդպես որոշել: Իսկ բողոքարկման պահանջիս ասեցին, որ այս շաբաթվանից ԿՈՆՍՈՒԼԸ ՈՐՈՇԵԼ է, որ էլ բողոքարկում չի լինելու, պետք է զրոյից դիմենք վիզա ստանալու, այսինքն էլի շաբաթներով կայքի դիմաց փորձենք ֆանտաստիկ թանկ գներով ժամ գտնել, վիզա կենտրոնում հերթեր, հանրագիտարանի հաստության տեղեկանքներ, որ կոնսուլը միամիտ նոր բան որոշի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հերթական մերժված քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ գրել է․ «Եթե ես ստատիստիկա հավաքեմ, կապացուցվի, որ հունական դեսպանատունը ապուշի տեղա դնում մեզ, ու վիզան տալիս ա միայն Կրետե գնացողին կամ վիզա առնողին, որը գնում հանձնվում ա եվրոպաներում, (էն Ամերիկա հասնելու համար կիլոյով ծախած վիզաները չասեմ): Էս թեժ սեզոնին հունական դեսպանատունը պետքա հստակ հայտարարություն տարածի իր նոր պահանջների ու գնացուցակի մասին: Ու դեսպանատան վրա պետքա գրի անօրինական միգրացիա ԵՄ երկրներ, ոչ թե հպարտորեն հունական դրոշ ծածանեն»։
Այսօր էլ MediaHub-ին դիմեց մի քաղաքացի՝ նշելով, որ Հունաստանում ՀՀ դեսպանի հրավերով պետք է աշխատանքային այցով տուրիստական խումբ մեկնի Հունաստան, բայց «չարաբաստիկ» հյուպատոսը նրանց բոկորին առանց պատճառաբանության մերժել է, և որևէ մեկը չի կարողանում կապ հաստատել նրա հետ և ստանալ պարզաբանում, թե ինչո՞ւ է «հազար անգամ» Հունաստան և եվրոպական այլ երկրներ մեկնած քաղաքացուն դեսպանատունը մերժում մի քանի օրով Հունաստանի վիզա տրամադրել։
Վահե Մակարյան