Այնպիսի տպավորություն էր, կարծես քաղաքի վրա ռումբ են գցել․ ի՞նչ պայթյուններ են Հրազդանում

Այնպիսի տպավորություն էր, կարծես քաղաքի վրա ռումբ են գցել․ ի՞նչ պայթյուններ են Հրազդանում

Հրազդանում վերջին 2 ամսվա ընթացքում արդեն որերորդ անգամ ուժեղ պայթյունի ձայն է լսվում։ Բնակիչները փորձել են պարզել, թե ի՞նչ է դա և արդյո՞ք որևէ վտանգ չեն ներկայացնում։ Սակայն, համապատասխան գերատեսչությունները ոչինչ չեն ասել, քանի որ, ըստ մեր զրուցակից լրագրող Հասմիկ Հակոբյանի՝ իրենք էլ տեղյակ չեն եղել։ Հերթական պայթյունի ձայնը լսվել է այսօր, համեմատ նախորդների՝ ավելի ուժեղ։ 
«Նախորդ անգամ, երբ լսել ենք պայթյունի ձայները, սկզբից ասել են, որ դա տարածքում գտնվող ցեմենտի գործարանից է։ Միայն հետո ենք տեղեկացել, որ այդ գործարանը փակվել է։ Հետո պայթյունները դարձել են պարբերաբար։ Համարյա ամեն շաբաթ լսվում են ուժեղ ձայներ, այնպիսի տպավորություն է, որ քաղաքի վրա ռումբ են գցել, այսօր, օրինակ, իմ սենյակի դռներն ու պատուհանները դղրդացին այդ ալիքից»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Հասմիկը։
Լրագրողի շփման շրջանակը մեծ է։ Ասում է՝ ձայներից հիմնականում անհանգստանում են Հրազդանում բնակվող արցախցիները։ 
«Հասկանալի է մտահոգությունը, պատերազմ են վերապրել ու տարբերում են պատերազմի ձայները։ Ինձ համար նույնքան անհասկանալի է հրազդանցիների հանգստությունը։ Բայց գոնե հիվանդ երեխաների ու տարեցների համար արժե պարզաբանել, որ չվախենան։ Մի անգամ զանգել եմ արտակարգ իրավիճակների նախարարություն, ասացին՝ «ահազանգը գրանցել ենք, բայց հստակ չենք կարող ասել դրանք ինչ ձայներ են»,- ասում է մեր զրուցակիցը։ 
Հասմիկն ավելացնում է, որ եթե անգամ դրանք ինչ որ զինվորական միջոցառումներ են, ապա գոնե պետք է տեղյակ պահեն քաղաքի բնակիչներին, որ չանհանգստանան։ 
Հրազդանից բացի, այսօր կեսօրին ֆեյսբուքյան օգտատերերը գրեցին, որ պայթյունի ձայներ լսվել են նաև Գավառում, իսկ նախորդ շաբաթ՝ Վանաձորում։
Հունան Թադևոսյան