ՌԴ-ն պետք է հասկանա՝ ի՞նչ վեկտոր է ընտրելու ՀՀ-ն․ Մոսկվան կկանգնի՞ Երևանի կողքին էսկալացիայի ժամանակ 

ՌԴ-ն պետք է հասկանա՝ ի՞նչ վեկտոր է ընտրելու ՀՀ-ն․ Մոսկվան կկանգնի՞ Երևանի կողքին էսկալացիայի ժամանակ 

Հայ–ռուսական հարաբերությունները գտնվում են բավականին տուրբուլենտ վիճակում, կարելի է ասել՝ «висят на волоске»։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը մեծ աղմուկ բարձրացրեց, շատ վերլուծաբաններ ընդգծում են՝ ՀՀ-ն ցուցադրեց ավելի շատ հեռվացում և դեմարշ, քան բարեկամական ու եղբայրական հարաբերություններ։

Լավրովի այցը Հայաստան վերջապես պետք է նշանավորվեր Կապանում ՌԴ հյուպատոսության բացմամբ, բայց, մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունը Սերգեյ Լավրովին ուղիղ տեքստով ասել է, որ Կապանում ՌԴ-ն հյուպատոսություն չի ունենալու։ 

Ինչո՞ւ Կապանում չբացվեց հյուպատոսությունը, ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները հենց այս պահին և ի՞նչ սպասել առաջիկայում․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ:

«Իհարկե, եթե խոսենք Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ապա հիմա դա բարդ գործընթաց է, բայց, մյուս կողմից, Սերգեյ Լավրովի այցը կարևոր գործողություն է։ Չնայած այն հանգամանքին, որ հյուպատոսությունը չի բացվելու, մեր երկրների միջև դեռ երկխոսություն կա։ Մենք փորձում ենք շփվել նախարարությունների մակարդակով, միջգերատեսչական հանձնաժողովների մակարդակով, իհարկե, դա նաև պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարեդարձով»,- նշեց Սապրիկան։

Ըստ ռուս փորձագետի՝ ՌԴ-ում հիանալի հասկանում են, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և, իհարկե, երկու երկրների միջև ցանկացած պայմանավորվածություն դիվանագիտական հարցում կարևոր քայլ է։ 

«Եթե խոսենք հարաբերությունների սառեցման մասին, ապա պարզ է, որ հարցեր կան, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը բարձրացնում է վիճահարույց իրավական ակտեր և Եվրամիությանն անդամակցելու ցանկություն։ Մեր դաշնակցային պայմանավորվածությունները շարունակելու համար պետք է հասկանալ, թե Հայաստանն ի՞նչ վեկտոր է ընտրելու»,- ասաց ռուս փորձագետը։

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Արդյո՞ք հնարավոր է էսկալացիա, ի՞նչ դիրքորոշում կունենա ՌԴ-ն այդ ժամանակ:

«Կարծում եմ, որ էսկալացիա չի լինի։ Մենք տեսնում ենք, որ սա Ռուսաստանի ու, նաև, ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված խաղաղության նախաձեռնություն է։ Ի դեպ, ԱՄՆ-ի մասով՝ մենք հիանալի հասկանում ենք, որ Դոնալդ Թրամփը Կովկասում խաղաղության կողմնակից է և իր ողջ ուժով փորձում է նպաստել հակամարտության սրման տանող հարցերի խաղաղ կարգավորմանը։ Իսկ եթե խոսում ենք Ռուսաստանի մասին, ապա ՌԴ-ն Կովկասում, ի սկզբանե,  զբաղեցնում է խաղաղարարի նիշան: Այնպես որ, իմ անձնական կարծիքն այն է, որ էսկալացիա չի լինի։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն այս դեպքում հանդես են գալիս որպես ուժեր, որոնք կզսպեն հակամարտության սրումը»,- հավելեց Սապրիկան։

Մարիաննա Արամյան