Թիկունքում զգալով ԱՄՆ աջակցությունը՝ Իսրայելը կnտորում է պաղեստինցիներին 

Թիկունքում զգալով ԱՄՆ աջակցությունը՝ Իսրայելը կnտորում է պաղեստինցիներին 

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իսրայելը շարունակում է ահաբեկչական գործողությունները՝ միանգամից մի քանի ուղղություններով։

«ԱՄՆ թողտվությամբ Նեթանյահուն սպառնալիք է մեր տարածաշրջանի համար»,- ահազանգում են լիբանանցիները։ Իսրայելի բանակը անօդաչու թռչող սարքեր է կիրառել Լիբանանի հարավում, հրթիռակոծել Ալ Մանսուրի ավանը։ 

«Անօդաչու սարքերը ահ ու սարսափ են առաջացնում Լիբանանում։ Օդը պաշտպանված չէ։ Երկրի հարավային շրջանները պարբերաբար հայտնվում են թիրախում։ Երեկ մի քանի հարված է հասցվել Ալ Մանսուրիի դպրոցին, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ աշակերտներ։ Նրանց մեջ հայեր չկան, բայց խաղաղ բնակիչներ են, իմ հայրենակիցներն են»,- MediaHub-ին փոխանցեց լիբանանցի Հակոբ Մինասյանը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ Իսրայելը տարածաշրջանի միակ պետությունն է, որը չի խնայում ո՛չ զինված խմբավորումներին, ո՛չ խաղաղ բնակիչներին, ո՛չ ծեր ու մանուկներին։

«Դուք հասկանո՞ւմ եք, Գազայի հատվածում ցեղասպանություն է։ Շուրջ 11 շաբաթ Գազայի բնակիչները պաշարված են, զրկված են ամենատարրական պայմաններից, ջուր, սնունդ, դեղորայք չկա։ «Ցահալը» դեպի Գազայի արևմուտքի Ալ Մավասի շրջան տարհանման հրաման է տվել բնակիչներին։ Բայց հրամանն ու հրթիռակոծությունը եղել է միաժամանակ։ Թիրախավորվել են անգամ հիվանդանոցները, տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ 2 տարեկան երեխա։ Գազայում հանգիստ չկա»,- ասաց նա։ 

Գազայի հատվածում հակամարտությունը չի դադարում։ Իսրայելն ավերակների է վերածել գյուղերն ու քաղաքները։ Փլատակների տակ են մնացել, զոհվել կամ անհետ կորել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։ 

«Գազայի բնակիչներն աշխարհից միայն կրակի դադար են պահանջում, խախտվել է մարդկանց ապրելու սովորական իրավունքը։ Թիկունքում զգալով ԱՄՆ աջակցությունը՝ Իսրայելը կոտորում է պաղեստինցիներին։ Գազայում ցեղասպանություն է, Սիրիայում և Լիբանանում՝ անորոշություն, որը ստեղծում է Իսրայելը։ Նեթանյահուն մարդկային կյանքերի հաշվին մեծացնում է իր երկրի տարածքը, իսկ աշխարհը լուռ հետևում է այս ցեղասպանությանը։ Մենք հարցեր ունենք աշխարհին․ ինչո՞ւ և մինչև ե՞րբ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան