Գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է, որի հետ հանդիպում չի ստացվում․ անհետ կորածների հարազատները անորոշության մեջ են

Գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է, որի հետ հանդիպում չի ստացվում․ անհետ կորածների հարազատները անորոշության մեջ են

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի: Եվս 22 քաղաքացի անհետ կորած է համարվում Հայկազովի ՎՔՆ պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի տարածքից։ Ճակատագիրն անհայտ անձանց հարազատները հուսահատության ու անորոշության մեջ են։ Ոչ մի տեղից հստակ տեղեկություն չեն տալիս։

«Օրերս մեզ ընդունել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Բայց քանի անգամ նամակ-խնդրանքով դիմել ենք Փաշինյանին, նա մեզ չի ընդունել։ Մեզ հուզող հարցերն ուղղված չեն ո՛չ տիկին Մանասյանին և ո՛չ էլ մյուս պաշտոնյաներին։ Գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որի հետ հանդիպում այդպես էլ չի ստացվում»,- MediaHub-ին ասաց անհետ կորած քաղաքացիներից մեկի հարազատը։

Նրա հավաստմամբ, պաշտոնյաներից միայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է պատրաստակամությամբ ընդունում իրենց։

«Անցած կիրակի օրը պարոն Աբազյանը մատաղ էր կազմակերպել անհայտ կորածների համար, ինքը ևս մասնակցել է։ Մեզ հավաստիացնում են, որ հնարավոր ամեն քայլ նախաձեռնվում է, բայց մենք հանգստություն չունենք, քանի դեռ որևէ նորություն չունենք։ Գիտեմ, բոլորն ուզում են մեր հարազատներից ինչ որ լուր տան, բայց արդյունքում անորոշությունից խելագարվում, տանջվում ենք։ Հասկանում ենք, որ դժվար է Ադրբեջանի պես պետության հետ ինչ որ հարցի շուրջ բանակցել, համաձայնության գալ, որոնողական աշխատանքներ նախաձեռնել։ Եթե գերության մեջ չեն, գոնե մի մասունք գտնենք, գերեզման ունենանք»,- ասում է նա։ 

Անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց հարազատներին մի քանի անգամ ընդունել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը։ Մեր զրուցակիցն ասում է, որ դրանք հերթական հանդիպումներ են։ 

«Դժվար չէր հասկանալ, որ Կարմիր խաչի առաքելության Երևանի ու Բաքվի գրասենյակների միջև բացակայում է գործընկերային համագործակցությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան