Ինչո՞ւ է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի հաճախորդների հաշիվներից մեծ գումարներ անհետանում

MediaHub.am-ի խմբագրությունը մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացել, ովքեր բողոքում են «ՎՏԲ-Հայաստան» բանկից անհարկի գումարներ գանձելու համար։ Մասնավորապես, Ալլա Զատիկյանը նշում էր, որ իր հաշվին կատարված փոխանցումը նախորդ տարի դեկտեմբերին այդպես էլ չի իրականացվել, իսկ մի քանի շաբաթ առաջ օնլայն բանկինգով ստուգելիս նկատել է, որ հաշվի վրա որպես գերածախս 90 հազար դրամ պարտք կա, իսկ բանկում վստահեցրել են, որ խնդիրը ծրագրային է և մինչև առաջիկա երկուշաբթի օրը կկարգավորվի, սակայն իրենց նշված ժամկետում ոչ միայն չի կարգավորվել, այլ նաև անբավարար միջոցները կազմել է 190 հազար դրամ, իսկ բանկից որևէ խելամիտ պատասխան չի տրվել։ Նրա խոսքով, այդ ընթացքում իրեն այլ գումարներ ևս փոխանցվել են՝ շուրջ 30 հազար դրամի չափով, սակայն այդ գումարները ևս հաշվից անհետացել են։
Խմբագրություն դիմած մյուս քաղաքացիները ևս նշում են, որ քարտապաններին բանկից հստակ որևէ բացատրություն չի տրվում, թե ինչո՞ւ են գումարներն անհետանում կամ քատի վրա անբավարար միջոցներ գոյանում։
Մեր ճշտող հարցին՝ արդյոք գումարները ՀՀ դրամով են եղել, թե ռուսական ռուբլիով, նրանք նշում են, որ միայն հայկական դրամով են փոխանցումներ եղել քարտին և խնդիրը չէր կարող կապված լինել ռուբլու կուրսի տատանման հետ։
MediaHub.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի մամուլի ծառայություն, որտեղից մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, իսկ գրավոր հարցմանն ի պատասխան՝ մամուլի ծառայությունից 30-օրյա հավելյալ ժամկետ խնդրեցին, պատճառաբանելով, որ ստացված գրավոր հարցմանը պատշաճ պատասխան տալու համար «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ՝ ներկայացված նախադեպը մանրամասն ուսումնասիրելու համար։
Խմբագրությունը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից հարցման պատասխանը ստալանուց հետո այն ևս կհրապարակի։