Այսօր Վերջին զանգն է․ քանի՞ աշակերտ է ավարտում 9-րդ և 12-րդ դասարանները

Այսօր Վերջին զանգն է․ քանի՞ աշակերտ է ավարտում 9-րդ և 12-րդ դասարանները

Վերջին զանգը բոլոր աշակերտների ամենասպասված օրն է: Այսօր Հայաստանի Հանրապետության դպրոցներում հնչել է վերջին զանգը։ MediaHub-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտելու է 39 819 աշակերտ, իսկ 12-րդ դասարանն ավարտելու է 21 482 աշակերտ:

Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կայցելի Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց և Արարատի մարզի Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին։

Նշենք նաև, որ Վերջին զանգի լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն, և մրցույթ կկայանա։ Այս տարի վերջին զանգը հնչել է ավելի քան 1500 կրթական հաստատություններում։

Ինչպես նաև, Ժաննա Անդրեասյանն այսօր շնորհավորական ուղերձով է հանդես եկել․ «Սիրելի՛ շրջանավարտներ, երբ ես ավարտում էի դպրոցը, մի պիես էի գրել մեր դասարանի մասին՝ նկարագրելով մեր դպրոցական կյանքի մի օրը։ Յուրաքանչյուրն այնտեղ խոսում էր իր մասին՝ իրեն բնորոշ հույզերով ու բառերով։ Վերջին զանգին մենք չբեմադրեցինք պիեսը, որովհետև մտածեցինք՝ այն շատ անսովոր է, ոչ ոք այդպես չի անում, և իրականում վերջին զանգը պետք է լինի քառյակներ առ մեր ուսուցիչները՝ համեմված մի քանի երգով։

Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է։ Վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների։ Դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին։ Այդ հույզերի մեջ անպայման կան ձեր ուսուցիչները, որոնք ձեր կյանքի շատ կարևոր մասն են՝ իրենց խորհուրդներով և ներկայությամբ, իրենց մեծ աշխատանքով։ Շնորհակալություն հայտնեք նրանց այդ մեծ աշխատանքի համար. ուսուցիչ լինելն ամենադժվար աշխատանքներից մեկն է։ Այդ հույզերի մեջ կան ձեր ընկերները՝ միասին անցկացրած օրերի ջերմությամբ։ Ձեր համատեղ դասերն ու նախագծերը, էքսկուրսիաները և ուղղակի միասին անցկացրած ժամանակը ժպիտների, արցունքների, ծիծաղի, շփոթվածության ու գուցե նաև վախերի ժամանակ է։ Ջերմ գրկեք ձեր ընկերներին։

Այո՛, դպրոցական կյանքը չի կրկնվում, բայց ձեզ սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կընտրեք՝ ձեր մասնագիտությամբ և զբաղմունքով, ձեր ընկերներով ու սիրելիներով, դուրեկան ժամանցով ու սիրած աշխատանքով։ Չկա մի բան, որ չեք կարող անել, եթե շատ եք ուզում ու շատ ջանք եք դնում դրա համար։ Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից՝ սխալներից սովորելով, երբեք չընկճվելով և աճող կենսունակությամբ։ Դպրոցը նաև դրա մասին է՝ ձեզ կյանքին պատրաստելու ոչ միայն գիտելիքներով, այլև էմոցիոնալ և հոգևոր հասունությամբ։ Լավ սովորեք, որ լավ ապրեք։ Բարի՜ երթ»։

Մարիաննա Արամյան