Ե՞րբ Իսրայելը կհարվածի Իրանին

Հոկտեմբերի 1–ին Իրանը շուրջ 200 բալիստիկ և թևավոր հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Դեռ օգոստոսից Իրանը զգուշացնում էր, որ կպատասխանի Իսրայելին և ահա Իրանի պատասխանը տեղ հասավ: «Իրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի»,- նշել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ըստ որոշ փորձագետների՝ Իսրայելն, իր հերթին, պատրաստ է պատասխանել Իրանին։ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, բայց եթե Թել Ավիվը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանը կլինի ավելի կոշտ։
Իսրայելի պատասխանն Իրանին կարող է զարգացնել պատերազմ տարածաշրջանում, որը, միանշանակ, ձեռնտու չէ Հայաստանի համար, քանի որ հարևան երկրները կարող են թիրախավորվել և ներքաշվել պատերազմի մեջ։
Ստացվում է՝ անվերջ երկու երկրների հարձակումների ցիկլ․ ե՞րբ սպասել Իսրայելի պատասխանը Իրանին և ինչպիսի՞ն այն կլինի․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերի հետ, ով վստահ է՝ Իսրայելը անպայման պատասխանելու է։
«Պատասխանը կլինի, հիմա մեր մոտ տոներ են, ուստի մինչև կիրակի հանդիպումներ չեն անցկացվի, ապա, կարծում եմ, ռազմաքաղաքական կաբինետը որոշում կկայացնի”,- ասաց նա։
Ցինկերի խոսքով, քննարկումներ կան, որ պատասխանի երեք տարբերակ կարող է լինել։
«Առաջինը՝ պատասխանը կարող է լինել միջուկային ենթակառուցվածքերի ուղղությամբ՝ դրանք ռեակտորներն են, արագացուցիչներն են և այլն, երկրորդը՝ պատասխանը կարող է լինել նավթի վերամշակման օբյեկտների ուղղությամբ, որն առնչվում է նավթի արդյունահանմանն ու վերամշակմանը: Երրորդը՝ պատասխանը կարող է լինել ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ»,- նշեց իսրայելցի քաղաքագետը։
Չնայած, ավելացրեց Ցինկերը, առաջին տարբերակի՝ միջուկային ենթակառուցվածքներին հարվածելու մասով կան խոսակցություններ, որ ԱՄՆ-ն դեմ է, և հնարավոր է, որ Իսրայելը հրաժարվի չհարձակվել այդ օբյեկտների վրա։
«Իսկ ինչ վերաբերվում է նավթավերամշակման օբյեկտներին, ապա Իրանը երեկ հայտարարել է, որ եթե Իսրայելը ռմբակոծի այդ օբյեկտները, ապա ինքը հարձակում կիրականացնի Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի ուղղություններով, այսինքն՝ այն երկրների, որոնք նույնպես զբաղվում են նավթի վերամշակմամբ։ Իմ կարծիքով, իհարկե, դա չի կանգնեցնի Իսրայելին, հակառակը՝ նա ձեռք կբերի էլ ավելի շատ դաշնակիցներ, բայց այս երկրորդ տարբերակը միանգամայն հնարավոր է»,- ասաց նա։
Ինչ կապված է պատերազմի մասով, ապա, ըստ իսրայելցի քաղաքագետի՝ Իսրայելն ու Իրանը չեն ցանկանում մեծ պատերազմ։ Նա նշեց․
«Հուսով եմ, որ մեծ տարածաշրջանային պատերազմներ Մերձավոր Արևելքում չեն լինի, թեև ոչ ոք չի կարող 100% երաշխիք տալ»։
Հարցին, թե որքա՞ն կտևեն Լիբանանի հետ ռազմական գործողությունները, Ցինկերի նկատեց․
«Այս անգամ չեմ կարծում, որ ռազմական գործողությունները երկար կձգձգվեն, ինչպես 1-ին և 2-րդ լիբանանյան պատերազմները, որովհետև նպատակն այն է, որ լիբանանյան բոլոր ռազմական կազմավորումները, օրինակ՝ “Հըզբոլլահը”, դուրս բերվեն գետի վրայով, Իսրայելի հետ սահմանին ստեղծվի, այսպես կոչված, բուֆերային կամ զրոյական գոտի, որտեղ կապահովվի Իսրայելի հյուսիսային քաղաքների բոլոր բնակիչների անվտանգ վերադարձը: Եվ եթե դա հաջողվի, ապա կարծում եմ, որ ռազմական գործողությունը կավարտվի»,- եզրափակեց իսրայելցի քաղաքագետը։
Մարիաննա Արամյան