«Հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների»․ Միրզոյանը՝ Կալլասին

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․
«Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել Բրյուսել:
Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության և խաղաղության հիմնարար սկզբունքները դրված են ՀՀ-ԵՄ գործընկերության հիմքում, և միասնական ջանքերի արդյունքում հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն անդրադարձ են կատարել առաջիկա բարձրաստիճան շփումներին և դրանց օրակարգային հարցերի։
Արարատ Միրզոյանը և Կայա Կալլասը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ, և ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով լի ժամանակաշրջանում ամուր և համախոհ գործընկերությունների զարգացման կարևորությունը։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի համատեքստում շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման առանցքային նշանակությունը»։