Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիոն համագործակցության համաձայնագիր կստորագրվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր կառավարության նիստին կներկայացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման նախագիծը»։ Այն ընդգրկված է օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Նախագիծը, սակայն, դեռ պետք է անցնի Սահմանադրական դատարանով, որ ՍԴ-ն որոշի՝ համապատասխանո՞ւմ է, արդյոք, այս համաձայնագիրը ՀՀ սահմանադրությանը, թե՞ ոչ, որից հետո նոր կուղարկվի Ազգային ժողով՝ քննարկման։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին՝ Երևանում:
Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար։
Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է կողմերի միջև համագործակցություն միգրացիայի «մի կողմ պետության տարածքում գտնվող՝ մյուս կողմ պետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության» ոլորտում, այդ թվում՝ նաև տեղեկատվական համագործակցություն, մասնավորապես՝
1) վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկատվության փոխանակում,
2) կողմ պետությունների տարածքում գտնվող կողմ պետությունների քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակում,
3) փորձի փոխանակում և գործնական օգնության ցուցաբերում համագործակցության գործընթացում՝ ի հայտ եկող հարցերում,
4) կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ իրենց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն՝ բնակության համար տրված թույլտվության ժամկետների ընթացքում,
5) կողմ պետությունների տարածքում գտնվելու կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերի քննարկում։
Նշված կարգավորումներն իրականացվելու են կողմերի ներպետական օրենսդրությունների և միջազգային պարտավորությունների համաձայն։