Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Նիգավանում գտնվող գետից հովիվը դուրս է բերել տղամարդու մարմին

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Նիգավանում գտնվող գետից հովիվը դուրս է բերել տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ապարանի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, 2 քաղաքացի գետում հայտնված տղամարդու մարմինը դուրս են բերել ափ։

Դեպքի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ ոստիկանության Ապարանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, տղամարդուն գետում հայտնաբերել է հովիվը, ով գառներ արածեցնելիս նկատել է գետում քաղաքացուն և ահազանգել 911։

Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 70-ամյա Ալեքսանդր Հ.-ն է։