Ինչպե՞ս են օնլայն խանութները խաբում քաղաքացիներին

Ինչպե՞ս են օնլայն խանութները խաբում քաղաքացիներին

Համացանցում բավական մեծ տարածում ունեն օնլայն հարթակում վաճառք իրականացնողները, մասնավորապես, օնլայն խանութները։ Չնայած, որ վերջին շրջանում իշխանությունները փորձում են օնլայն հարթակում խստացնել օնլայն գնումների հետ կապված կարգավորումները և օնլայն վաճառք իրականացնողները այսուհետ պարտադիր պետք է ունենան անհատ ձեռներեցի (ԱՁ) գրանցում, այդուհանդերձ MediaHub–ը բազմաթիվ ահազանգեր է ստանում ընթերցողներից խախտումների և քաղաքացիների իրավունքների ոտնահարման մասով: Մասնավորապես, որ սոցցանցերում՝ Instagram-ում և Facebook-ում, շատ են դեպքերը, երբ օնլայն գնումների դիմաց քաղաքացիներից գումար են շորթում, բայց ապրանքը չեն տրամադրում:  

Մասնավորապես՝ մեզ դիմած ընթերցողներից մեկը նշեց, որ օնլայն վաճառքով զբաղվող մի երիտասարդ կնոջից գնում կատարելիս տվյալ օնլայն խանութի վաճառողը պահանջել է 50% կանխավճար վճարել, որպեսզի հաստատի գնումը և պատվերն ընդունի, սակայն որոշ ժամանակ անց, երբ պատվերը ուշացել է, քաղաքացին հայտնաբերել է, որ տվյալ վաճառողը կա՛մ ջնջել է էջը, կամ «բլոկել» իրեն։ Ունենալով վերջինիս բանկային քարտի տվյալները, քաղաքացին դիմել է բանկ, որպեսզի օգնեն գտնել տվյալ անձնավորությանը կամ կապ հաստատեն վերջինիս հետ, սակայն բանկից մերժել են՝ անձնական տվյալների պաշտպանության պատրվակով:  Մեզ դիմած քաղաքացին նշեց, որ այնուհետ նույն խնդրով դիմել է Ոստիկանություն, սակայն դարձյալ որևէ լուծում խնդրին չի տրվել:  

Ի դեպ, սոցցանցերում փնտրտուքները ի հայտ բերեցին այն, որ ոչ միայն օնլայն խանութները, այլ նաև, օրինակ՝ օնլայն խմորեղեն պատրաստողներն էլ նույնպես կանխավճար են պահանջում ու քիչ չեն դեպքերը, երբ զանգերին և նամակներին այնուհետ չեն պատասխանում ու խաբում են քաղաքացիներին։

MediaHub–ը դիմեց ՆԳՆ, որպեսզի հասկանանք, թե արդյո՞ք հնարավոր է գտնել նման խարդախություն կատարողին և ինչպե՞ս ապահովագրել մեզ նման կորուստներից: ՆԳՆ–ից  մեզ փոխանցեցին, որ նման եղանակով  խարդախությունից տուժած քաղաքացիները պարտադիր պետք է դիմեն Ոստիկանություն, որպեսզի տվյալ հանցագործությունները բացահայտվեն։

Ինչ վերաբերում է նման դեպքերից ապահովագրվելուն, ապա խորհուրդը մեկն է՝ հնարավորինս ստուգել այն էջերը, խանութները, որոնց միջոցով պատրաստվում եք օնլայն գործարք կատարել, հատկապես եթե կանխավճարի հարց է առաջ գալիս, հասկանալ, որ խանութը կամ օգտատերը վստահելի է, փորձված ու լավ «բեքգռաունդ» ունի, իսկ լավագույն տարբերակն այն է, որ առաջնորդվեն հետևյալ սկզբունքով՝ փող ապրանքի դիմաց:

Մարիաննա Արամյան