Իշխանությունը Արցախի հարցը հայանպաստ ճանապարհով լուծելու ցանկություն չունի․ Տիգրան Աբրահամյան

Պետք է քննարկել բոլոր այն խոցելի կողմերը, որոնցով Ադրբեջանը կարող է մեզ վատ դրության մեջ գցել։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ փակ քննարկման ժամանակ բանակցությունների մասին շատ քիչ ինֆորմացիա է տրվել։

«Իշխանությունը չունի միջոցառումների ցանկ, որը ճգնաժամերի դեպքում կարող է նվազեցնել ռիսկերը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ Կառավարության ներկայացուցիչը ևս ընդունել է, որ բարդ իրադրություն է ստեղծվել և արագ լուծում գտնել Կառավարությունը չի կարող։

«Որևէ լուրջ քայլ չի արվում այս Կառավարության կողմից»,- ասաց նա։

Ըստ Աբրահամյանի՝ պետք է դիվանագիտական բոլոր միջոցները բանեցնել՝ հայանպաստ վիճակում հայտնվելու համար։

«Ինքնորոշման հարցն այն սկզբունքն է, որը պետք է մշտապես ներկայացնել ու դնել բանակցությունների հիմքում։ Եթե իշխանությանը թվում է, որ կարող է սղացնել ինքնորոշման հարցը, ինչ է թե Ադրբեջանի համար ցանկալի քայլ անի, ապա դա կլինի դիվանագիտական դաշտում ձախողում»,- նշեց նա։

Տիգրան Աբրայամյանը նկատեց նաև, որ իշխանությունը Արցախի հարցը հայանպաստ ճանապարհով լուծելու ցանկություն չունի։