Կիրանցի սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ․ «անվտանգության հարցը լուծված է»

Կիրանցի սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ․ «անվտանգության հարցը լուծված է»

Կիրանցի հատվածում սահմանազատման հետևանքով Հայաստանից զիջված տարածքներում ադրբեջանական կողմն ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, որոնք տեսանելի են հայկական գյուղերից։ Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը մեծածավալ աշխատանքների մասին է։

«Գիշեր-ցերեկ աշխատում են։ Կիրանցեցիներն անգամ ասում են, որ այդ տարածքներն ականապատվում են, ինչը ենթադրում է, որ խաղաղությունը ոչ թե մոտենում է, այլ ընդհանրապես դրա մասին խոսելն օր-օրի անիմաստ է դառնում։ Իսկ ի՞նչով է զբաղված հայկական կողմը։ Առանձնապես ոչ մի բանով։ Սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ, անվտանգության հարցը լուծված է»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ըստ Ղազարյանի՝ Ադրբեջանը խաղաղության չի պատրաստվում։ Նոր դիրքերում կահավորման աշխատանքներից ու 2-րդ գծում ամրաշինական աշխատանքերից բացի, հաճախակի մեղադրանքները թե՝ «Հայաստանը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը», արդեն իսկ խոսում է այն մասին, որ խաղաղության պայմանագիրը հերթական «կուտն է», որ մատուցվում է հայ ժողովրդին։

«ՀՀ-ն զավթած սրիկայախմբի ղեկավարը փլուզեց մեր երկրի ամենաամուր՝ Տավուշի բնագիծը, մեր դաշտ ու դուրանները զիջեց թշնամուն, Ադրբեջանին հանձնելով ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերը»,- հավելեց Կարեն Ղազարյանը։

Հունան Թադևոսյան