Լավրովի երկիմաստ ուղերձը. ի՞նչ է լինելու Լաչինի միջանցքի հետ

Լավրովի երկիմաստ ուղերձը. ի՞նչ է լինելու Լաչինի միջանցքի հետ

Հայաստանում շատերն էին հետևում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցին ու հատկապես այն համատեքստում, որ դա կարող է ազդեցություն ունենալ Լաչինի միջանցքի ճակատագրի հարցում:

Բաքվում այդ հարցն, իհարկե, քննարկվել է:

Լավրովը նշել է, որ Լաչինի միջանցքի ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ առաջին համաձայնությանը, որով անցակետ նախատեսված չէ։ Բայց միջանցքը պետք է օգտագործվի միայն քաղաքացիական տեղաշարժի նպատակով։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետերի ստեղծում չի նախատեսում», - երեկ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

Հայկական ԶԼՄ-ները երեկ կենտրոնացել էին Ռուսաստանի ԱԳ նախարարի ասուլիսի այս դրվագի վրա՝ միջանցքի հարցում ընդգծելով Երևանի ու Մոսկվային դիրքորոշումների ընդհանրությունը:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Լավրովի խոսքը շարունակություն ունի ու հանգում է նրան, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցներ կարող են ներդրվել:

Սրա մասին Հայաստանում քիչ խոսվեց, սակայն խնդիրն էական է, որովհետև ենթադրում է Լաչինի միջանցքում ադրբեջանական գոնե անուղղակի ներկայության հաստատում:

Կասկածից վեր է, որ Լաչինի միջանցքը՝ վերաբացվելու պարագայում, այլևս նախկին ռեժիմը չի ունենալու:

Վահրամ Բագրատյան