Ուկրաինական բանակին Լեոնարդո դի Կապրիոյի միլիոնավոր դոլարների նվիրատվությունը ֆեյք է եղել

Այն լուրերը, թե հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն խոշոր գումար է նվիրաբերել ուկրաինական բանակին, կեղծ են։ Նա գումարը փոխանցել է հումանիտար նպատակների համար, սակայն հստակ թվեր չեն հրապարակվում։ Դերասանն աջակցել է ուկրաինացի փախստականներին՝ գումար փոխանցելով CARE, IRC, Save the Children, UNHCR հիմնադրամներին, բայց ոչ բանակին։
Այս մասին հայտնում է ոչ միայն People պարբերականը եւ CNN-ի լրագրող Դեյլ Դենիելը, որը զբաղվում է փաստերի ստուգմամբ եւ ֆեյքերի բացահայտմամբ, այլեւ Վիշեգրադյան միջազգային հիմնադրամը, որին արեւմտյան շատ լրատվամիջոցներ որպես դրամական տրանշի վերջնակետ են նշել։
Միջազգային կազմակերպությունում հերքել են մամուլում եւ սոցցանցերում տարածված եւ օգտատերերի մոտ զգացմունքների փոթորիկ առաջացրած հաղորդագրությունները:
«Մենք ոչ մի տեղեկություն կամ գրառում չունենք այն մասին, որ Լեոնարդո դի Կապրիոն գումար է նվիրաբերել Ուկրաինային մեր հիմնադրամի միջոցով», - ասված է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ: