Սինգապուրում կայացել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը

Մայիսի 16-ին Սինգապուրում կայացավ Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն, հայտնել է Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունը:
Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես եկան դեսպան Սերոբ Բեջանյանը, գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն և ՀՀ պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը։
Իր ելույթում դեսպան Բեջանյանը կարևորեց պատվավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի հայ-սինգապուրյան հարաբերությունների զարգացմանը տարբեր ոլորտներում։ Հոն Մուն Լոուն իր խոսքում անդրադարձավ սինգապուրահայ համայնքի պատմական ներկայությանը և նրանց նշանակալի ներդրմանը Սինգապուրի պատմության մեջ։
Պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը, շնորհակալություն հայտնելով իրեն վստահված պատվին, ներկայացրեց առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական և գործարար կապերի խորացմանը։
Ընդունելությանը մասնակցում էին Սինգապուրում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների և հայ համայնքի անդամներ, ինչպես նաև գործարարներ։
Միջոցառման ընթացքում Հայաստանի և Սինգապուրի պետական օրհներգերը կատարեց Սինգապուրում բնակվող հայ երգչուհի Գայանե Վարդանյանը։
Միջոցառման ավարտին ծաղիկներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին։