Փաշինյանի հայտարարությունը Արևմտյան Հայաստանի մասին հակասահմանադրական է և քրեորեն պատժելի

Այսօր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի մի ստատուսով որոշեց հրաժարվել Արևմտյան Հայաստանից՝ նվեր անելով Թուրքիային։ Մասնավորապես, նա գրել է, թե՝ «Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան»:
Ահա այսպես, մի էժանագին գրառումով կառավարության դե յուրե ղեկավարը որոշում է հրաժարվել մեր պատմությունից, և սա արդեն աբսուրդի ժանրից է։ Այն, որ կառավարությունը փորձում է ջնջել հայ ժողովրդի պատմությունը նորություն չէ՝ վերաձևվում են դասագրքերը, ԱԳՆ–ն իր կայքէջից արդեն հեռացրել է Լեռնային Ղարաբաղի ու 44-օրյա պատերազմի բաժինները, ինչին MediaHub-ը պարբերաբար անդրադառնում է, և, ըստ երևույթի, հերթը հասել է Հայոց Ցեղասպանության մասին բաժնին։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը հորդորել է երկու իրավաբան–սահմանադրագետի, որոնց հետ առնչություն ունի Փաշինյանը՝ Եղիշե Կիրակոսյանին ու Վլադիմիր Վարդանյանին, անդրադառնալ Փաշինյանի հայտարարությունների հակասահմանադրական ու հակաօրինական բնույթին ու բովանդակությանը։
«Փաշինյանի այդ հայտարարությունը հակասահամնադրական է, ոչ միայն պատմական վավերարական դաշտում է, այլ նաև հակասում է հռչակագրին, քանի որ այդ տերմինն արձանագրված է, որ Արևմտյան Հայաստանում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանությունը։ Ոչ միայն հակասահմանադրական է, հակաօրինական է և, հետևաբար, պատժելի է, այլ նաև այդ հայտարարության մեջ Հայոց Ցեղասպանության պատմական փաստի ժխտման դրվագ, ինչպես նաև, հայրենազրկման ժխտման դրվագ կա, որը նույնպես մեր օրենքներով պատժելի է»,– MediaHub-ի հետ զրույցում ասաց Հայկ Դեմոյանը։
Կա հակասահմանադրական հայտարարություն բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, որն, ըստ Դեմոյանի, պատժելի է քրեորեն։
«Չպետք է զարմանանք Արևմտյան Հայաստանի մասով, մարդը գործակալ է՝ իր թիմով հանդերձ, և կատարում է գործակալական աշխատանք, որը ձրի չեն անում, վճարում են դրա համար»,– ասաց նա։
Արդյո՞ք սպասենք, որ ԱԳՆ–ի կայքէջից կհեռացվի նաև Հայոց Ցեղասպանության մասին բաժինը, քանի որ մինչ այս պահը հեռացվել են Լեռնային Ղարաբաղի ու 44-օրյա պատերազմի մասին բաժինները․ Հայկ Դեմոյանը նշեց՝ պետք չէ զարմանալ, որ դրանք հեռացվել են.
«Ինչո՞ւ եք զարմանում, որ հեռացվել է, արդեն 3 տարի շարունակ ես ասում եմ, ցուցմունքներ եմ տվել քրեական գործի շրջանակում՝ ոչ իմ նախաձեռնությամբ հարուցված, որ Արարատ Միրզոյանը և Վլադիմիր Վարդանյանը կասկածվում են արժեքավոր գրքերի գողություն կատարելու մեջ՝ 2004 թ–ին Հայող Ցեղասպանության թանգարանից։ Իսկ մեր ընդդիմությանը դա հետաքրքի՞ր է, որ Արարատ Միրզոյանը հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ մի քանի անգամ հարցաքննվել է, հետևապես զարմանո՞ւմ եք, որ կայքէջից հանել են այդ բաժինները»,– հավելեց նա։
Ահա այսպես, հասարակությունը լռում է. Արցախը տվեցին, պատմությունից զրկում են, պատմությունն աղավաղում են, ինքնիշխան Հայաստանից տարածքներ են տալիս, բայց լռում ենք ու հետևում պոդքասթների․․
Մարիաննա Արամյան