Փաստաթուղթը Արցախը լուծարելու մասին չէր, այլ անվտանգ ու հավաքական դուրս գալու

«Որևէ մեկը, անգամ ես և իմ գործընկերները, չենք տեսել մի փաստաթուղթ, որը կարտացոլի Արցախի Հանրապետության լուծարումը։ Նրանց համար, ովքեր չգիտեն իրականությունը, չնայած դրա մասին բազմիցս է հայտարարվել, ևս մեկ անգամ ընդգծում եմ․ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, 9 ու կես ամիս պաշարման մեջ գտնվող Արցախի բանակն ու ժողովուրդը կռվում էին թշնամու հետ անհավասար մարտում, պատճառելով հազարավոր կորուստներ։ Սակայն, 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո՝ Ադրբեջանն ավելի էր մոտեցել Արցախի խաղաղ բնակչությանը։ Դա է եղել պատճառը, որ նրանց հաջողվել է մեկ օրում կտրել մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածները և խաղաղ բնակչության շրջանում իրականացնել ռազմական հանցագործություններ։ Ադրբեջանական հենակետերը հայտնվել էին Ստեփանակերտի մատույցներում։ Կապի բացակայության պատճառով բնակչության շրջանում խուճապ էր։ Արցախում հասունացել էր հումանիտար խորը ճգնաժամ։ Մեզ այլ բան չէր մնում, քան հավաքական դուրս գալը։ Այդ իսկ պատճառով Արցախի այդ ժամանակ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է այդ փաստաթուղը, որի բովանդակությունը որևէ տեղ հրապարակված չէ։ Նախագահը որևէ լիազորություն չունի լուծարելու պետությունը, քանի որ ինքը չի հիմնել այն։ Ուստի, այդ փաստաթուղթը, որը հաճախ շահարկում են ՀՀ իշխանություններն ու իշխանամերձ լրատվականները, ոչ թե պետություն լուծարելու, այլ հավաքական ու անվտանգ դուրս գալու մասին էր։ Եթե նույնիսկ հանրապետությունը լուծարելու հրամանագիր լինի, դա որևէ իրավական ուժ չունի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավորներից մեկը։
Պատգամավորը նաև նշեց, որ Շահրամանյանն իր քայլերի մասին տեղյակ է պահել ՀՀ իշխանություններին։ Սակայն, տեղահանվելուց հետո նրանցից որևէ մեկը ոչ մի հանդիպում չի ունեցել թե՛ նախագահի, թե՛ օրենսդիր կամ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, անգամ նախկին գործընկերները չեն զանգել հարցնելու դժոխքի միջով անցած մարդկանց որպիսությունը։
«Դրանից հետո սկսվել է արցախցիների դեմ արշավը՝ պետական մակարդակով։ Ինչ հերյուրանք ասես, որ չեն տարածել արցախցիների մասին և անգամ հանրության մեջ բաժանարար գծեր ստեղծելու համար առաջ են բերել՝ «արցախցիները եկել են Հայաստանը հանձնելու» անգրագետ, անիմաստ թեզը, որը բազմաթիվ շահարկումների առիթ է դարձել։ Մարդիկ հիմա են հասկանում, որ «Արցախը հանձնած չարիքից պետք է փրկել Հայաստանը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան