Ոստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս

Հայաստանի իրավապահ համակարգին, պարզվում է, պետք է «բզես», որ նոր գործի անցնեն։
Սեփական խելքով ու աչքի տեսածով նրանք որևէ քայլ չեն անում։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ենք ստանում իրավապահ մարմինների, այս դեպքում՝ ՆԳՆ ոստիկանության գործելաոճից։ Եվ ոչ միայն նրանց։
Երեկ «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում կայացած «Նոա»-«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային հանդիպման ավարտից հետո երկրպագուներից մեկը` մի անչափահաս տղա, վազելով մտել է խաղադաշտ:
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է այդ պահին տղայի հետևից դաշտ մտնում նաև մի հաղթանդամ տղամարդ` հավանաբար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության պետը կամ աշխատակից, բռնում երեխային և հարվածում նրան՝ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Տեսանյութը լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում:
ՀՖՖ-ից լռում են միջադեպի կապակցությամբ՝ չպատասխանելով մեր զանգերին, իսկ, ահա, ՆԳՆ լրատվականից այսպիսի պատասպան տվեցին․ «Այս պահի դրությամբ` նշված դեպքով ոստիկանությունում հաղորդում չկա»:
Փաստորեն, ստացվում է, որ ոստիկանության համար այս տեսանյութը հիմք չէ՝ դրան իրավական ընթացք տալու, օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու համար։ Այսինքն՝ պիտի պարտադիր որևէ մեկը հաղորդում տա, նոր տեղին շարժվեն ու որոշեն՝ ընթացք տա՞ն դրան, թե՞ ոչ։ Այն, որ տեսախցիկների առաջ տղամարդը հարվածում է անչափահասին՝ դա իրենց համար հիմք չէ բռնարարին հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու համար։ Չի բացառվում՝ բռնություն գործադրողը ՀՖՖ աշխատակից է, դրա համար ոստիկանությունը չի ցանկանում կամ չի համարձակվում մատը մատին խփել։
Սա հակասում է ոչ միայն իրավապահ համակարգի աշխատանքի տրամաբանությանը, այլև նույն ոստիկանության գործելաոճին, որովհետև մի կողմից տեսնում ենք, որ ոստիկանությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում՝ հայտնելով, որ իրենք ուսումնասիրել են համացանցում տեղադրված այս կամ այն տեսանյութը, որտեղ ինչ-որ մեկը մեքենան վարել է օրենքի խախտումով, հայտնաբերել են օրինազանց վարորդին և պատասխանատվության ենթարկել, մյուս կողմից տեսակցիկների առաջ տեղի ունեցած բռնության դեպքով որևէ քայլ չեն ձեռնարկում։ Ու սա այն դեպքում, երբ ուղիղ եթերում տեղի ունեցած այդ միջադեպը նաև առանձին կտորով տարածվել է համացանցում, մենք էլ իրենց լրացուցիչ ուղարկել ենք, որ տեսնեն, նոր մեկնաբանեն։ Նույն կերպ, եթե վաղը որևէ մեկը փողոցում ոստիկանի աչքի առաջ մարդ ծեծի կամ զենքը հանի, կրակի, ոստիկանը որևէ քայլ չպիտի ձեռնարկի այն «տրամաբանությամբ», որ ոչ ոք դրա վերաբերյալ հաղորդում չի՞ տվել։ Սա ոչ այլ ինչ է, քան անգործություն ոստիկանական համակարգի կողմից, ու թերևս հենց այսպիսի գործելաոճն է պատճառը, որ Հայաստանում գնալով խորանում է «բեսպրեդելն» ու աճում հանցավորության մակարդակը։
Ըստ լրագրող Սյուզի Բադոյանի՝ անչափահասին ծեծողը Նորայր Ավետիսյանն է, որը ՀՖՖ-ի անվտանգության ծառայություն ապահովող ՏՈՌ-ի ղեկավարներից է:
Վահե Մակարյան