Հեղուկ գազի գինը շարունակում է նվազել. մնաց բենզինը

Հեղուկ գազի գինը շարունակում է նվազել. մնաց բենզինը

MediaHub-ն այսօր արձանագրեց՝ հեղուկ գազի գինը կրկին նվազել է:

Նվազումը դեռ ոչ բոլոր լցակայաններում է, օրինակ՝ Երևանի կենտրոնական հատվածներում այն դեռ 170-ից 200 դրամի սահմաններում է, բայց կան լցակայաններ, որտեղ հեղուկ գազը վաճառվում է 135-150 դրամով, մինչդեռ մեկ շաբաթ առաջ MediaHub-ը գրել էր, որ հեղուկ գազի գինը որոշ տեղերում 210-220 դրամ, իսկ որոշ լցակայաններում նույնիսկ 150 դրամ:

Մասնավորապես, այսօր բավականին ցածր գներ են Բանգլադեշի լցակայաններում, Ավանում, Զվարթնոց օդանավակայանի մոտ, իսկ, օրինակ, Զեյթունում այն դեռ 170 դրամով է վաճառվում։ 
Միևնույն ժամանակ այս ամենում նաև մտահոգող բան կա:

«Այստեղ ամենավատն այն է, որ տարբեր տեղեր գնային տարբերությունը 1 լիտրի մեջ հասնում է մինչև 50  և ավելի դրամի, ու պարզ չէ՝ 140 դրամով վաճառողն է խաբում, թե 200 դրամով վաճառողը, որը և՛ խաբում է, և՛ շահույթ ապահովում»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը։

Այս ամենի ֆոնին կան նաև լավատեսներ, որոնք հույս ունեն, որ բենզինի գինն էլ կիջնի։ «Բենզինից լուր լինի, օդ կրակե՛ք, մինչդեռ ես հեղուկով քշողներին լուռ նախանձեմ»,- հավելում է մյուսը։

Մարիաննա Արամյան