Նախատեսվում է ՀՀ դրոշի մասին օրենքում փոփոխություններ կատարել. օրինագիծ

Նախատեսվում է ՀՀ դրոշի մասին օրենքում փոփոխություններ կատարել. օրինագիծ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Ազգային ժողովի մարտի 22-ի քառօրյա նիստի ընթացքում ներկայացրեց իր հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որն աշխատանքային կարգով նախապես քննարկվել էր ինչպես հանձնաժողովում, այնպես էլ Արդարադատության նախարարության հետ, ինչի արդյունքում օրինագիծը խմբագրվել է:

Վարդանյանի խոսքով՝ բացառապես բոլոր ուսումնական հաստատությունների վրա պետք է լինի ՀՀ դրոշ։
Հավելենք, որ տվյալ օրինագծի հիմնական նպատակը ՀՀ դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես՝ երեխաների և երիտասարդների մոտ հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է: Առաջարկվում է պահանջ ամրագրել, ըստ որի` Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացված լինի հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» գործող օրենքում ևս կա այն դրույթը, որ բոլոր ուսումնական հաստատություններում պետք է լինի ՀՀ դրոշը, սակայն, թե որքանով է դա կիրառվում և որքանով է հետևողական ՀՀ-ն իր երկրի խորհրդանիշերի պահպանման հարցում, պատասխանը միանշանակ չէ։