Կլիմայի տաքացման պատճառով մահացության աճի մասին են նախազգուշացնում

Մեծ Բրիտանիայի մի խումբ գիտնականներ, վերլուծելով Երկրի կլիմայական իրավիճակը, եկել են այն եզրակացության, որ միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացումը մարդկանց շրջանում մահացության կտրուկ աճի կհանգեցնի։ Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ շոգի ալիքների պատճառով մահացությունը 75 տոկոսով կաճի, հայտնում է Planet-today-ը։
Ինչպես հայտարարել է հետազոտության առաջատար ղեկավարը, մահերի թվի աճի հիմնական գործոնը շոգի ալիքներն են: Վերջիններիս հաճախականությունը միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց կավելանա: Գիտնականի խոսքով՝ կլիմայի փոփոխությունը դժվարացնում է շոգի ալիքների հետեւանքների կանխատեսումը։ Մասնավորապես, գիտական աշխատության հեղինակը խոսում է ապագա դարերի համար կանխատեսման անհնարինության մասին՝ հաշվի առնելով կլիմայի կտրուկ տաքացումը։
Հետազոտության արդյունքները վկայում են առաջիկա տասնամյակների ընթացքում շոգի ալիքների աճի մասին։ Գլոբալ տաքացումը անդրադառնում է ոչ միայն Համաշխարհային օվկիանոսի մակարդակի, այլեւ աշխարհի բնակչության վիճակի վրա։ Բացի այդ, գիտնականները նշում են, որ ջերմաստիճանի բարձրացման հետ ավելի հաճախակի կդառնան քրոնիկ հիվանդությունների զարգացման դեպքերը։ Ըստ մասնագետների՝ սրտանոթային համակարգը եւ թոքերը վտանգի տակ են: