Փաշինյանի նոր հնարքը

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու համար մի նոր գաղափար ունի՝ այդ երկրի հետ կնքել ռազմավարական գործարք: Նա կրկին մանրամասնել է կազանյան բանակցություններից, ընդ որում՝ շեշտել է, թե այդքան երկար խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ նախկինում չի ունեցել, ասել է՝ ամենակարևոր հատվածը հենց սա է:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ռազմավարական գործարքի վերաբերյալ իշխանությունը պատկերացում ունի՝ այն հենվելու է իրական Հայաստանի հայեցակարգի վրա:
Ի՞նչ է ռազմավարական գործարքը՝ Փաշինյանը, բնականաբար, դրա բովանդակությունը չի բացահայտել:
Բայց «իրական Հայաստանի» քարոզչական բլեֆի մատուցումն արդեն իսկ հուշում է, որ գործ ունենք նոր մանիպուլյացիայի հետ:
Բանն այն է, որ իրական Հայաստան՝ բառիս բուն իմաստով, գոյություն է ունեցել դեռ 1991-ից, համենայն դեպս՝ որևէ ողջամիտ մարդ չի կարող պնդել, որ մինչև 2018-ը կամ 2020-ը գոյություն ունեցած երկիրը «պատմական» կամ «առասպելական» էր:
Դժվար չէ պատկերացնել, որ Փաշինյանի «իրական Հայաստանն» այնքան էլ իրական չէ ու ունի մեկ այլ՝ ավելի կարևոր հատկանիշ՝ դա պարտված Հայաստանն է: «Իրական» բառը, տվյալ դեպքում, Նիկոլ Փաշինյանի ձախողված քաղաքականության քողածածկույթն է:
Պարտված երկրի հետ որևէ մեկը ոչ թե ռազմավարական գործարք է կնքում, այլ նրան կապիտուլյացիա է պարտադրում:
Սուրեն Սուրենյանց