Տասը տեղ ճանապարհ են փակում, համատարա՞ծ ա, կամ Արցախը տվեցին, համաձա՞յն էին, Տավուշի գյուղերին համաձայն չե՞ն

Նիկոլ Փաշինյանը Տավուշ գնալիս, ժողովուրդի հետ զրուցելիս համոզում էր, որ չորս գյուղերը չհանձնելու դեպքում պատերազմ կսկսվի, իսկ հիմա ասում է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից հետո 7 օր իրենք անվտանգ կապրեն, բայց 8-րդ օրը կարող է անվտանգ չլինել։ Այլ կերպ ասած, իշխանությունները, որ թմբկահարում էին «խաղաղության դարաշրջանի» մասին, որևէ երաշխիք չեն տալիս, որ այդ խաղաղությունն այս ծանր գինը վճարելու դիմաց էլ կհաստատվի:
ՔՊ–ականներն էլ վստահ են, որ Տավուշում սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ անցկացնելու կետը միակն է, որտեղ Ադրբեջանը կարող է հարձակվել, և ըստ նրանց՝ այս պրոցեսից հետո չկա որևէ կետ, որը հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում գործել։
Ի՞նչ է ստացվում. ՔՊ–ականները վստահ են, որ Ադրբեջանը չի հարձակվի, իսկ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ՞։ Նման դատարկաբանություններին զուգահեռ Տավուշում և այլ մարզերում մարդիկ շարունակում են իրենց պայքարը, ճանապարհ են փակում: Արդյո՞ք հասարակությունը իսկապես պատրաստ է պայքարել, և ի՞նչ է անելու ՀՀԿ–ն. MediaHub-ը զրուցեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։
«Ինձ համար չկա առանձին տավուշյան պայքար, կա ՀՀ խնդիր: Ես կանխատեսումներով չեմ զբաղվում, բայց, Աստված տա, հասնի տրամաբանական հաջողությանը, ինչ նախատեսել են և ինչի համար պայքարը սկսել են մեր հայրենակիցները։ Հանրապետականը ինչ–որ բանի համար չէ պայքարում, եթե չգիտես՝ ինչ անես, ավելի լավ ա, ոչինչ չանես։ Հանրապետականը տարիներ շարունակ պայքարում է և եղել է բոլոր պայքարների կիզակետում, ոչինչ չի խնայել հաջողությանը հասնելու համար, բայց չի ստացվել մի շարք պատճառներով։ Ցանկացած պայքար պետք է ունենա ստրատեգիա, տակտիկա, ներքին և արտաքին նպաստավոր պայմաններ, եթե դու չունես առնվազն 4-5 քայլ, չեմ կարծում, որ միայն առաջին քայլը տեսնելով պետք է անես»,– ասաց Շարմազանովը։
Ըստ մեր զրուցակցի՝ ամիսներ շարունակ իրենք ճանապարհներ էլ են փակել, նստել էլ են և, Շարմազանովի խոսքով, ինքն ամենաերջանիկը կլինի, եթե այս պայքարը հաջողվի։
«Ինձնից շատ որևէ մեկը չի պայքարել ու չի պայքարում Փաշինյանի իշխանության դեմ։ Տպավորությունը հետևյալն է, որ այս պահին չունենք արտաքին նպաստավոր պայմաններ, բայց, Աստված տա, ես սխալվեմ: 2018թ-ին էլ ես չէի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հեղափոխություն անի, այն ժամանակ էլ եմ սխալվել, թող մի անգամ էլ հօգուտ մեր ժողովրդին սխալվեմ։ Ամենաերջանիկ մարդը կլինեմ, որ տավուշյան շարժումը հասնի իր հաջողության»,- շեշտեց նա։
Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը չունի հասարակության մեծամասնության վստահությունը, բայց նրան հաջողվել է Ալիևի և Էրդողանի հետ վախ սերմանել հանրության մեջ։ Նա նշեց, որ սա դելիմիտացիա և դեմարկացիա չի, այլ հայկական շահերի նվաստացում, որը պաշտպանել են ԱՄՆ պետքարտուղարը երկու անգամ, ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ՆԱՏՕ–ն, ամբողջ Արևմուտքը։
«Էլ չեմ ասում արևմտյան երկրներ, որոնք անգամ Հայաստանի տեղը քարտեզի վրա չգիտեն, և դրան զուգահեռ տեղի է ունենում Ռուսաստան–Ադրբեջան հարաբերությունների շատ մեծ սերտաճում, բոլորը սատարում են Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը՝ դեմարկացիային և դելիմիտացիային, ու միայն Իրանը ծպտուն չի հանում։ Մնացած բոլոր խաղացողները սատարում են, ՌԴ–ն էլ, նենց չէ, որ դեմ է»,- ասաց մեր զրուցակիցը:
Շարմազանովը կրկնեց այն, ինչ միշտ ասում է՝ Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել մնալն իշխանության ղեկին խնդրահարույց է, և որ դա փաստ է։
«Այսօրվա իրականության բանաձևը տվել եմ՝ թուրքամետ իշխանություն, անկարող ընդդիմություն և անտարբեր հասարակություն։ Սա նշանակո՞ւմ է, որ ես դադարում եմ պայքարել, իհարկե՝ ոչ։ Տավուշի շարժման լիդերները տեսնում են և՛ հաջողության հասնելու ճանապարհը, և՛ վստահություն կա իրենց մոտ։ Աստված օգնական իրենց և մեզ բոլորիս այդ պայքարում։ Բայց հասարակությունը պատրաստ չէ պայքարին, հասարակության մեջ կա ապատիա, այո, կա դժգոհություն Փաշինյանից, սա ակնհայտ է, բայց ես չեմ տեսնում լայնամասշտաբ բնույթ: Տասը տեղ ճանապարհ են փակում, համատարա՞ծ ա։ Այսինքն, ի՞նչ դուրս եկավ, Արցախը տվեցին, համաձա՞յն էին, Տավուշի գյուղերին համաձայն չե՞ն։ Արցախի խնդիրը փակելով՝ մենք փակում ենք Հայաստանի էջը»,- ընդգծեց ՀՀԿ-ական գործիչը։
Ամփոփելով իր խոսքը՝ Շարմազանովը նշեց, որ այսօր Հայաստան չկա, եթե լիներ, ապա Ալիևը չէր ասի՝ Արարատի նկարը զինանշանից պետք է հանենք, Սահմանադրությունը պետք է փոխենք, Անկախության հռչակագիրը պետք է փոխենք:
«Տավուշյան շարժման ամենամեծ խնդիրը ո՞րն է, ազգային և անկախության գաղափարը վառ պահելը, որ աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների ժամանակ մենք քնած չլինենք։ Շատ կարևոր գործ են անում Տավուշում։ Մայիսի 1-ին ժողովուրդը քնած ա, կարող ա մայիսի 2–ին արթնանա այս ժողովուրդը, տեսնենք»,- հավելեց նա։
Մարիաննա Արամյան