Հարցը ջրելու՞ են, Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում» է․ Մամուլը՝ սուրճով

Հարցը ջրելու՞ են, Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում» է․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ 

ՔՊ-ում խուլ ընդվզում է՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվեց: Նախօրեին ՔՊ խմբակցության նիստում պետք է որոշեին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելուն, սակայն նիստին մասնակցող պատգամավորները տեղում իմացել են, որ հարցի քննարկումը հետաձգվում է, ասվել է, որ ընդդիմության ներկայացրած նախագիծը պետք է նախ պետաիրավական հանձնաժողովը քննարկի, եզրակացություն տա, նոր հարցը բերվի խմբակցություն։

Եթե հանձնաժողովը պատգամավորի արարքում «հանցակազմ» տեսնի եւ համարի, որ պետք է նրա վարքը քննարկման առարկա դառնա, կներկայացնեն պատգամավորներին։ Իսկ նախագիծը դեռ չի ընդգրկվել հանձնաժողովի օրակարգում, եւ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ ջրելու են հարցը։ Երեկ էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հստակ չպատասխանեց, թե ինչու են հարցի քննարկումը հետաձգել․ «Հարմար չի եղել՝ չենք քննարկել», եւ հավատացրեց, որ անպայման կքննարկվի, հավելեց, որ մտադրություն կա ոչ թե ժամանակավոր, այլ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել․ «Շատ վատ է, որ մինչեւ հիմա չունենք էթիկայի հանձնաժողով»։ Տեղեկացանք, որ քննարկում են ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծ, որ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծեն, որի կազմը կձեւավորվի հավասար համամասնությամբ` եթե ընդդիմադիր պատգամավորի վարքը քննարկեն, գլխավորի իշխանական պատգամավոր, եթե իշխանականի՝ ընդդիմադիր։ Եվ հանձնաժողովը կարողանա պատժամիջոցներ նախատեսել` ներկայում ընդամենը կարող է արձանագրել, որ պատգամավորն էթիկա է խախտել։

Իսկ Անդրանիկ Քոչարյանը, ասում են, բավականին մարտական է տրամադրված, հավաքել է իր բոլոր կոլեգաների՝ լրագրողների հետ ունեցած միջադեպերը, որոնք արժանի էին էթիկայի հանձնաժողովի քննության, բայց ջրվել են։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորների դեմ ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ վարույթները կարճում է՝ ըստ էության չկարողանալով հիմնավորել, որ նրանք ապօրինի գույք են ձեռք բերել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի վերաբերյալ որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններին արձագանքելով՝ Գլխավոր դատախազությունից հայտնեցին. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 50 միլիոն դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայության հիմքով՝ որոշում է կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին»։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 19-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Սերյոժայի Ղազարյանը եւ նրան փոխկապակցված անձինք հրավիրվել էին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»:

Արդյունքում, վարույթ էր հարուցվել, թե ԱԺ պատգամավորը ապօրինի գույք ունի, սակայն չկարողացան հիմնավորել ու վարույթը դադարեցվեց»։

 

«Հրապարակ» գրում է․ 

Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ նախկին պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որի պաշտոնը Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը բարձրացրել է՝ նշանակելով Թալինի կոմունալ բաժնի պետ, պարզվում է, իշխանական միջոցառումների ակտիվ մասնակից է եւ Աննա Հակոբյանի կրթարշավի ֆանատ։ Նրան նկատել են տիկնոջ շարժման տարբեր միջոցառումներին, օրեր առաջ էլ «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության` Մատենադարանում անցկացված «Հաղորդակցության հմտություններ» խորագրով դասընթացին էր մասնակցում։ Դրանից առաջ նա Գյումրիում էր՝ ՔՊ-ի շտաբի մոտ: Այն ժամանակ, երբ իր կուսակից Վիլեն Գաբրիելյանը հարբած հարցազրույցներ էր տալիս լրատվամիջոցներին, նա մոտակայքում էր։

Սուրեն Թորոսյանը նախկինում էլ է «աչքի ընկել» իր ակտիվությամբ․ 2023թ. հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավանում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ժամանակ Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա Ա. Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ամբուլատոր բուժօգնություն էր ստացել։ Գործ էր հարուցվել, սակայն գործն այժմ հայտնվել է փակուղում, քանի որ հանցանք կատարած անձը ՔՊ-ական է։ Բացի այդ, նա սոցցանցերում խուլիգանական վարք է դրսեւորել՝ հայհոյանքներ գրելով իշխանության ընդդիմախոսների հասցեին։ Ի դեպ, ապրիլի 19-ին Աննա Հակոբյանը հերթական կրթարշավն է անցկացնելու Թալինում, եւ Տավրոս Սափեյանն արդեն հրահանգել է իր աշխատողներին՝ գրանցվել եւ մասնակցել դրան։ Վստահ ենք, որ Սուրեն Թորոսյանը եւս առիթը բաց չի թողնի։