ԱՄՆ-ի համար հայ-ադրբեջանական խնդիրները երբեք էլ չեն եղել առաջնային

ԱՄՆ-ի համար հայ-ադրբեջանական խնդիրները երբեք էլ չեն եղել առաջնային

Հայաստանը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում, շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ կանխատեսում են, որ մինչև տարեվերջ կամ գարնանը Ադրբեջանը կիրականացնի Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա։ Առաջնային հարցը՝ Սյունի՞քն է վտանգված։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ո՞ւմ հետ պետք է բանակցի, գուցե նոր դաշնակիցներ փնտրի․ այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։

«Միակ ճիշտ քայլը կլինի՝ գնալ այնպիսի բանակցությունների, որտեղ մասնակցում են Ռուսաստանը և Թուրքիան։ Վերջին շրջանում բոլոր այն ձևաչափերը, որտեղ Հայաստանը փորձեց իր անվտանգային լուծումը գտնել՝ հատկապես Արցախի հարցում, ավարտվել են կատարյալ անհաջողությամբ և Արցախը դատարկվեց»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով, խնդիրն այն է, որ Մերձավոր Արևելքում սրացումից հետո և՛ Արևմուտքի, և՛ ԱՄՆ-ի ուշադրությունը սևեռված է այնտեղ։ Իսկ հայ-ադրբեջանական խնդիրները դարձել են իրենց համար երրորդական կամ չորրորդական:

Ըստ քաղաքագետի՝ հայ-ադրբեջանական խնդիրներն Արևմուտքի կամ ԱՄՆ-ի համար երբեք էլ չեն եղել առաջնային։ Պարզապես կա հստակ հարց՝ դուրս մղել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասից։ 

«Եթե չգնալ բանակցությունների այնտեղ, որտեղ հարց լուծող պետություններն են, օրինակ՝ Թուրքիան, որի գրպանում Ադրբեջանն է կամ հարց լուծող Ռուսաստանը, որը լուրջ ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, ապա խնդիր կունենանք: Կարող ենք նկատել, թե ինչ պրոռուսական կոալիցիա է առաջացել Բաքվում, երբ ռուսները չխոչընդոտեցին Արցախի դատարկմանը։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է, իսկ հարցերի լուծումներ փնտրել Եվրոպայում կամ չորրորդական երկրի Արտաքին գործերի նախարարից, մեղմ ասած, չի համապատասխանում մեր շահերին»,- եզրափակեց Քեռյանը։

Հիշեցնենք, Politico.com-ն օրերս գրել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցյալ շաբաթ կոնգրեսականների մի փոքր խմբի նախազգուշացրել է, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը շուտով կներխուժի Հայաստան: Նա, իբրև, նաև ասել է, թե Պետդեպարտամենտը ձգտում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և չի պլանավորում երկարաձգել երկարաժամկետ այն համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Բաքվին։  

Հաջորդ օրն իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն անդրադարձել էր պարբերականի հրապարակմանը: Մասնավորապես, խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է և չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։

Ըստ էության, պետքարտուղարությունը չէր հերքել, որ Ադրբեջանի ներխուժման սպառնալիք, այդուհանդերձ, կա: 

Մարիաննա Արամյան