Վերջ տվեք խտրականությանը, սա համակարգային լռեցման օրինակ է․ Աուտիզմ ունեցող Դավիթի մայրն արձագանքում է դպրոցին

Վերջ տվեք խտրականությանը, սա համակարգային լռեցման օրինակ է․ Աուտիզմ ունեցող Դավիթի մայրն արձագանքում է դպրոցին

Օրեր առաջ աուտիզմ ունեցող Դավիթի մայրը ֆեյսբուքյան գրառմամբ պատմել էր, որ շրջանավարտ որդին չի կարողացել մասնակցել ավարտական միջոցառմանը։ Ի պատասխան Գորիսի Սերո Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել ու գրել.

« 9-րդ դասարանի աշակերտները և դասղեկը հույսով սպասում էին, որ Դավիթը, ծնողի ուղեկցությամբ, շուտով կմիանա իրենց, քանի որ դասղեկը և ուսուցչի օգնականը պատրաստել էին անակնկալ տեսահոլովակ Դավիթի դպրոցական առօրյաի մասին, որի համար նրանք մի քանի անգամ դիմել են ծնողին, որպեսզի Դավիթի ներկայությունը ապահովեն։ Սպասումը իզուր էր, քանզի, ինչպես ծնողն էր նշել` «Դավիթը ոչինչ չի հասկանա և, որ ընտրությունը իրենցն էր։ Եվ նրանք ստիպված չեն ևս մի փորձություն անցնել, քանի որ Դավիթը չէր կարող այդ դժվարությունը հաջողել»: Քավ լիցի։ Դպրոցը, ուսուցիչները և ընկերները այդպիսի դժվարություններ Դավիթի հետ միասին 9 տարի շարունակ ոչ միայն հաղթահարել, այլև արժանապատիվ կերպով իրենց վրա են վերցրել Դավիթի դժվարությունները․ ուսուցիչները՝ իրենց կոչումին հավատարիմ, ընկերները՝ ընկերասիրության արժեքը կարևորելով»։

Քիչ առաջ մայրը պատասխանել է դպրոցի գրառմանը։

«Վերջին օրերին սոցիալական հարթակներում շրջանառվում է մի տեքստ, որը վերաբերում է իմ կողմից արված գրառմանը`կապված որդուս` Դավիթի պատմությանը։

Ես չեմ փնտրել հակամարտություն, չեմ թիրախավորել դպրոցը։ Պարզապես կիսվել եմ իմ զգացմունքներով, ապրումներով` որպես մայր, ում որդին չկար միջոցառմանը։ Բայց երբ այդ ամենը վերածվում է մեղադրանքի , հարցականի տակ է դրվում ծնողական հոգատարությունը, և ոտնահարվում է ծնողական պատիվը, ես լռել չեմ կարող։

Ես միշտ կանգնած եմ եղել երեխայիս կողքին` իմ ներկայությամբ, իմ պայքարով, իմ հոգատարությամբ։ ԵՎ այսօր նույն դպրոցը ոչ միայն փորձում է վարկաբեկել ծնողի անձնային որակները, այլ նաև հրապարակում է երեխայիս նկարները և իր մասնակցությամբ տեսանյութեր` առանց ծնողների թույլտվության, խախտելով անձնական տվյալների պաշտպանության բոլոր սահմանները։

Սա արդեն իրավունքի բացահայտ ոտնահարում է։

Երեխան չի մասնակցել միջոցառմանը, քանի որ երբեք չի ընդգրկվել սցենարում կամ նախապատրաստական գործընթացում։ Դպրոցը ոչ մի պայման չի ապահովել, ո'չ ֆիզիկական մատչելիություն, ո'չ ծրագրային հարմարեցում, ո'չ աջակցություն մասնակցությանը։

ԵՎ հենց այդ նույն դպրոցը, որը տարիներ շարունակ անտեսել էր երեխայի ներկայությունը և իրավունքները, վերջին պահին փորձել է մեղքը բարդել ծնողի վրա։

Վերջ տվեք խտրականությանը և պատասխանատվությունից խուսափելու փորձերին։

Սա անհատական վեճ չէ։ Սա համակարգային լռեցման օրինակ է, երբ խոցելի խմբերի ձայնը փորձ է արվում խեղդել հեղինակային փոշու շերտի տակ»։